Փաշինյանը վստահեցրեց, թե տեղյակ չէ, որ «Շիկահող» արգելոցում ադրբեջանցիներն ամեն օր ծառ են կտրում


Հասարակություն


«Ես երբեք նման տեղեկատվություն չեմ ստացել, եթե նման տեղեկատվություն լինի, որ ՀՀ ինքնիշխան տարածքում ծառեր են հատվում կամ էկոլոգիական աղետ է տեղի ունենում, բնականաբար, մենք չենք կարող դրան որևէ ձևով չարձագանքել»,-կառավարության ճեպազրույցի սրահում ասաց Նիկոլ Փաշինյանըարձագանքելով լրագրողի հայտարարությանը որ «Շիկահող» պետական արգելոցում ադրբեջանցիներն ամեն օր ծառ են կտրում։

Լրագրողը  հետաքրքրվեց, թե արդյոք գործադիրի ղեկավարը մամուլ չի կարդում։

Նշելով, որ մամուլի ոչ բոլոր հրապարակումներն է կարդում՝ Փաշինյանը հավելեց.

«Մամուլի հրապարակումներին, որ հետևենք, մենք այսօր այստեղ չենք, բոլորովին ուրիշ տեղում կլինենք»։

Նա նաև չհամաձայնեց լրագրողի պնդման հետ, որ ինքը Ադրբեջանին ձեռնտու  արտահայտություններ է անում։

«Ո՛չ, ես ասում եմ բաներ, որոնք ձեռնտու են Հայաստանին ու բխում են ճշմարտությունից։ Կա Ալմաթիի հռչակագիր, որը նշանակում է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը նույնական է ՀԽՍՀ տարածքի հետ ու Ադրբեջանի տարածքը նույնական է ԱԽՍՀ տարածքի հետ»,-ասաց փաշինյանը։

Անդրադառնալով «ԹՐԻՓՓ»-ի ծրագրին՝ փաշինյանը հայտարարեց, որ նախագծի շրջանակներում հայկական կողմը ստանալու է մաքսային և սահմանային հսկողության այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք ՀՀ-ում նախկինում չեն եղել։

 «Մենք այս տեխնոլոգիաներին հասանելիություն ենք ունենալու և ես հույս ունեմ, որ ոչ միայն «ԹՐԻՓՓ»-ի հետ առնչվող սահմաններում, այլև մեր սահմանների մյուս անցակետերում այդ ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն կունենանք ներդնելու, քանի որ դա երկրի կարգի փոփոխության մասին է վկայում»,- հայտարարեց Փաշինյանը։ 


Leave a Comment