15 հունվարի 2026 – 14:20 AMT
PanARMENIAN.Net – Ծափաթաղում տեղի ունեցած երեքամյա Տիգրան Օվանեսովի սպանության գործով նրա հայրը՝ Արմեն Օվանեսովը, շարունակում է գտնվել կալանքի տակ։ Քրեական գործը լսվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտավազդ Կարապետյանի նախագահությամբ։
Նախնական դատական նիստերի փուլում դատարանն անդրադարձել է Օվանեսովի նկատմամբ կիրառված խափանման միջոցին և որոշում է կայացրել այն թողնել անփոփոխ՝ երկարացնելով կալանքի ժամկետը ևս երեք ամսով, տեղեկացնում է «Փաստինֆոն»։
Քննչական մարմնի վարկածի համաձայն՝ երեխային սպանել է հայրը՝ խեղդելով։ Արմեն Օվանեսովի դեմ քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (սպանություն), և նա կալանավորվել է։
Ըստ ՆԳ նախարարի՝ երեխայի հայրը դիակը տեղափոխել է այն վայրեր, որտեղ արդեն «սանրման» աշխատանքներ են եղել։ Տղամարդը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել՝ ներընտանեկան հարցերի շուրջ։
Նոյեմբերի 2-ին Ծափաթաղ գյուղին հարող մի դաշտային հատվածում հայտնաբերվել է երեքամյա Տիգրան Օվանեսովի դին։ Երեխայի որոնումները սկսվել էին հոկտեմբերի 27-ից։ Նրա մարմնի վրա արձանագրվել են բռնության հետքեր, մասնավորապես՝ գլխի շրջանում։