Իրանի Իսլամական Հանրապետությունից հնչող հայտարարությունների նկատմամբ շատ ուշադիր ենք, ամեն ինչ արել ենք և կշարունակենք անել ԻԻՀ-ի՝ մեզ համար բարեկամական երկրի բոլոր մտահոգությունները փարատելու ուղղությամբ:
Այս մասին Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով TRIPP ուղու հետ կապված իրանական կողմի մտահոգությունների մասին հարցին:
«2018 թվականից հետո Հայաստանում ոչ մի տեղ հանրահավաք չի արգելվել, և մենք չենք կարող առանձին վերցրած մի դեպքում այլ կերպ վարվել, որովհետև դա իրողություն է։ Այլ բան է, որ, այո՛, կիսում ենք՝ արտահայտման ձևերը չպետք է խաթարեն ԻԻՀ-ի կամ որևէ այլ դեսպանատան աշխատանք։ Մենք ուշադիր կհետևենք, այդ թվում՝ այդ իրավիճակի հետ կապված մտահոգություններին, և մեր ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում բոլոր միջոցները կձեռնարկենք, որպեսզի բարեկամական և եղբայրական Իրանի դեսպանատան գործունեության հետ կապված որևէ խնդիր չառաջանա»,- ասել է վարչապետը։
Հիշեցնենք՝ նախօրեին ՀՀ-ում Իրանի դեսպանն ասել էր, թե դեսպանության դիմաց կազմակերպված ակցիաները խաթարում են իրենց աշխատանքը, և Թեհրանում ձևավորվում է տպավորություն, որ Հայաստանը կարող է դառնալ այն ուժերի գործունեության հարթակ, որոնք թշնամաբար են տրամադրված Իրանի նկատմամբ։
Ինչ վերաբերում է TRIPP-ի շուրջ Իրանի մտահոգություններին, Փաշինյանը նշել է, որ անընդհատ կապի մեջ են Իրանի ղեկավարության հետ և պատրաստ են բոլոր հարցերին պատասխանել, եթե հրապարակված տեքստից հետո այլ հարցեր նույնպես ծագեն։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
166 դիտում