Այս երկու իրադարձությունները միմյանց հետ կապ չունեն, լրագրողների հետ այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական գերությունից հայերի վերադարձը և սիրիացի վարձկանների հանձնումը Սիրիայի իշխանություններին։
Նրա խոսքով՝ ՀՀ իշխանություններն աշխատում են Սիրիայի հետ հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ։
«Հույս ունենք, որ այս որոշումը, որը բարեկամական որոշում է Սիրիայի նկատմամբ, ավելի բարենպաստ միջավայր կստեղծի սիրիահայ համայնքի համար»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին ադրբեջանական գերությունից վերադարձել են Բաքվում պահվող հայ գերիներ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը: Նույն օրը 44-օրյա պատերազմի ժամանակ հայերի դեմ կռված և Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված սիրիացի վարձկաններ Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջջին և Մուխրաբ Մուհամմադ ալ-Շխերին Թուրքիայի միջոցով հանձնվել են Սիրիային: