ՀՀ արդարադատության նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է տնային կալանքի տակ գտնվող անձանց թույլատրել շարունակել կրթությունը հեռավար ձևաչափով։ Համապատասխան փոփոխությունները նախատեսվում է կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում:
Նախագծի համաձայն՝ կապի միջոցների օգտագործման սահմանափակումները կարող են չկիրառվել այն դեպքերում, երբ դրանք անհրաժեշտ են կրթական ծրագրերին առցանց մասնակցելու համար: Սա, առաջին հերթին, վերաբերում է անչափահասներին և այն անձանց, ովքեր տեղաշարժման սահմանափակումների պատճառով զրկված են ուսումնական հաստատություններ ֆիզիկապես հաճախելու հնարավորությունից:
Գերատեսչության հիմնավորմամբ՝ հեռավար կրթությունը տնային կալանքի տակ գտնվողների համար ուսումնական գործընթացի անընդհատությունն ապահովելու ամենաարդյունավետ միջոցն է:
Նշվում է, որ նախաձեռնությունը համապատասխանում է ՀՀ օրենսդրությանը և միջազգային չափանիշներին, այդ թվում՝ ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի փաստաթղթերին:
Նախագծի ընդունումը պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների փոփոխություն չի նախատեսում, սակայն կպահանջի վերանայել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հաստատված հեռավար ուսուցման կազմակերպման կանոններ:
