15 հունվարի 2026 – 13:25 AMT
PanARMENIAN.Net – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն տեղեկություն է ստացել այն մասին, որ Իրանի իշխանությունները մտադիր չեն մահապատժի ենթարկել անկարգությունների մասնակիցներին։ Նա նաև նշել է, որ ըստ ստացված տեղեկությունների՝ Իրանում մահվան դեպքերը դադարել են։
«Մեզ ասել են, որ Իրանում սպանությունները դադարեցվում են, դրանք արդեն դադարել են։ Մահապատիժներ նախատեսված չեն, որևէ մահապատիժ։ Ինձ այդ մասին տեղեկացրել են հուսալի աղբյուրներ», — ասել է Թրամփը լրագրողների հետ զրույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Իրանում բողոքի ցույցերի ընթացքում մոտ 2000 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնել էր Reuters-ը իրանցի պաշտոնյայի վրա հղումով:
Հունվարի 11-ին Իրանի ուժային կառույցները հայտարարել են հիմնական կազմակերպիչների ձերբակալման մասին, սակայն չեն բացահայտել ձերբակալվածների հստակ թիվը։ Ազգային ոստիկանության ղեկավար Ահմադ-Ռեզա Ռադանը նշել է, որ բոլոր անհրաժեշտ իրավական գործընթացներից հետո նրանք կստանան պատիժ։
Հունվարի 13-ին հայտնի է դարձել, որ ԱՄՆ իշխանությունները քննարկում են Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը՝ բողոքների ճնշման պատճառով։ Քննարկվում են սահմանափակումներ էներգետիկ և բանկային ոլորտներում, ինչպես նաև անձնական միջոցներ՝ երկրի ղեկավար կազմի ներկայացուցիչների դեմ։
Իրանում զանգվածային ցույցերը շարունակվում են դեկտեմբերի 28-ից: Դրանք սկիզբ են առել մայրաքաղաք Թեհրանի շուկայից, որի ՝ առևտրականները, ինչպես նաև և մի շարք համալսարանների ուսանողներ, բողոքի դուրս եկան ազգային արժույթի կտրուկ անկման և ապրանքների թանկացման դեմ։