Սաուդյան Արաբիան թույլ չի տա օգտագործել իր տարածքն Իրանին հարվածելու համար. ԶԼՄ

Սաուդյան Արաբիան տեղեկացրել է Իրանին, որ թույլ չի տա օգտագործել իր տարածքն ու օդային տարածքը Թեհրանին հարվածներ հասցնելու համար՝ ԱՄՆ-ի կողմից ռազմական ուժ կիրառելու սպառնալիքների ֆոնին, հայտնում է Gulf News-ը՝ հղում անելով թագավորության կառավարության իր աղբյուրներին:

Աղբյուրների պնդմամբ՝ Էր Ռիադն ուղղակիորեն իրանական կողմին է փոխանցել, որ չի մասնակցի Իրանի դեմ որևէ ռազմական գործողության և այդ նպատակով չի տրամադրի իր ռեսուրսները:

Այս ամենի ֆոնին Սաուդյան Արաբիայում ԱՄՆ դեսպանատունն իր անձնակազմին հորդորել է պահպանել անվտանգության ուժեղացված միջոցառումներ:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել էր Իրանի նկատմամբ կոշտ գործողությունների պատրաստակամության մասին և չէր բացառել ուժային միջամտության հնարավորությունը երկրում շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին:

Իրանն, իր հերթին, զգուշացրել է, որ հարձակման դեպքում պատասխան հարվածներ կհասցնի տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտներին և նավագնացության թիրախներին:

Leave a Comment