Արաղչին հայտարարել է, որ ցուցարարներին կախաղան հանելու ծրագիր չկա, իսկ Թրամփին կոչ արել՝ չկրկնել հունիսյան պատերազմի «սխալը»

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը «մարդկանց կախաղան  բարձրացնելու որևէ ծրագիր չունի», գրում է Al Arabiya-ն։

«Կախաղան հանելու որևէ ծրագիր ընդհանրապես չկա։ Կախաղան բարձրացնելու մասին խոսք անգամ լինել չի կարող»,- Fox News-ին ասել է արտաքին գործերի նախարարը։

Նորվեգիայում գործող Iran Human Rights Society-ի տվյալներով՝ կախաղան բարձրացնելը տարածված երևույթ է իրանական բանտերում։

Երեքշաբթի CBS News-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կձեռնարկի «շատ խիստ միջոցներ», եթե Իրանը սկսի կախաղան բարձրացնել ցուցարարներին, սակայն չէր մանրամասնել իր մեկնաբանությունները։

«Եթե կախաղան բարձրացնեն նրանց, դուք ինչ-որ բաներ կտեսնեք»,- ասել էր Թրամփը։

Այնուհետև Թրամփը հայտարարել է՝ իրեն ասել են, որ Իրանի կառավարության կողմից բողոքի ցույցերի դեմ ուղղված ճնշման ժամանակ սպանությունները նվազում են, և կարծում է՝ ներկայում լայնածավալ մահապատիժների ծրագիր չկա։

Fox News-ի հարցին՝ ի՞նչ կասեր Թրամփին, Արաղչին պատասխանել է. «Մի՛ կրկնիր նույն սխալը, որը թույլ տվեցիր հունիսին։ Իմ ուղերձն սա է. պատերազմի և դիվանագիտության միջև դիվանագիտությունն ավելի լավ միջոց է, չնայած մենք Միացյալ Նահանգներից որևէ դրական փորձ չունենք։ Բայց միևնույն է, դիվանագիտությունը շատ ավելի լավ է, քան պատերազմը»։

Անցյալ տարի Իրանը 12-օրյա պատերազմ ունեցավ ԱՄՆ դաշնակից Իսրայելի հետ, իսկ նրա միջուկային օբյեկտները հունիսին ռմբակոծվեցին ԱՄՆ զինված ուժերի կողմից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a Comment