15 հունվարի 2026 – 12:41 AMT
PanARMENIAN.Net – Հունվարի 14-ին ադրբեջանական գերությունից վերադարձած «Նոր Հայաստան Հայրենիք-Սփյուռք» բարեգործական ՀԿ-ի հիմնադիր Գևորգ Սուջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հանգիստ չի ունեա, քանի դեռ գերության մեջ գտնվողներ կան:
«Ես ձեզ չեմ լքել տղաներ, հոգիս թողել եմ ձեզ հետ։ Քանի դեռ գերության դաժան ճիրաններում եք, ես հանգիստ չեմ ունենալու` երդվում եմ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:
Ավելի վաղ Սուջյանը գրել էր․ «Այսօր ես ոտք դրեցի իմ երկրի սուրբ հողին ու այս օրը իմ համար անգին է։ Ու ես վայելում եմ այս օրը, փայփայելու ու մեծարելու եմ այս օրվա ամեն ակնթարթը։ Այսօր միտքս լցնելու եմ անծայրածիր երազանքներով, որպեսզի էլ տեղ չմնա վախին, կասկածին։
«Չեմ կարող» այլևս չի լինելու, միշտ ձգտելու եմ ավելիին ,քանզի լավագույն աճի համար նախ պիտի ընդարձակեմ մտքիս սահմանները։ Այս օրվանից վերհիշելու եմ, որ մինչև առավելությունս չդառնա կյանքիս մոլուցքը, շնորհներս երբեք էլ չեն վերածվելու փառքի։ Եվ մինչև այլոց ծառայելու ծարավը չգերազանցի հոգուս անվստահությունները, զրկվելու եմ օգտակարության թանկարժեք ժամերից։
Այսօր ես վերաբեռնելու եմ նվիրումս, որպեսզի խուսափեմ կեղծ ազնվականությունից, լինեմ անկեղծ, համեստ ու շիտակ և իբրև հասարակ մահկանացու դրել եմ ոտքերս երկրիս սուրբ հողին։ Միգուցե գտնվեն չարախոսներ ու չկամներ, որոնք քարեր կնետեն երեսիս, ես նրանց չարությանը կպատասխանեմ բարությամբ, սիրով, անգամ, եթե արժանի չլինեն դրան։ Կլինեն նաև քննադատներ, որոնք կփորձեն վատաբանել ու քարկոծել, ես նրանց նետած քարերից կկառուցեմ գեղեցկադեմ կոթողներ։ Եվ ի պատասխան նրանց ես կժպտամ ճչացող իմաստությամբ, որ խրված է սրտիս խորքում և եթե նույնիսկ կոչեն ինձ խենթ, ես նորից կժպտամ նրանց նույն իմաստուն ժպիտով, քանզի, մարդի’կ, իմացե’ք, խենթերն են պտտում մոլորակն առաջ։ Ես չեմ վախենում տարբերվելուց։ Ես վստահ սլանալու եմ առաջ։ Այս օրը իմ օրն է»,-գրել է նա:
Գևորգ Սուջյանն ու Դավիթ Դավթյանը գերեվարվել են 2020 թվականի նոյեմբերի 11-ին՝ Բերձոր-Շուշի ճանապարհին, երբ փորձել են մարդասիրական օգնություն հասցնել Ստեփանակերտ։ 2021-иն նրանց շինծու մեղադրանքով դատապարտել են 15 տարվա ազատազրկման՝ լրտեսության մեղադրանբքով:
Հունվարի 14-ին Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը երեկ Հակարի կամրջով Ադրբեջանից հանձնվել են ՀՀ համապատասխան կառույցներին։ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանն ու Վիգեն Էուլջեքջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն, իսկ Վագիֆ Խաչատրյանը «Նորք-Մարաշ» ԲԿ-ում է: