Ավանի համայնքային ոստիկանները ձերբակալել են մեքենայի հայելիներ գողացող երիտասարդներին. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ Ավանի համայնքային ոստիկանները ձերբակալել են մեքենայի հայելիներ գողացող երիտասարդներին։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Ավտոմեքենաներից հայելիների գողությունների վերաբերյալ հաղորդումներ Համայնքային ոստիկանության Ավանի բաժնում ստացվեցին հունվարի 10-ին, 11-ին և 13-ին։
Ըստ հաղորդագրության, այդ օրերին Ծարավ Աղբյուրի փողոցի տարբեր հատվածներում կայանված հինգ մեքենայից հայելիներ էին գողացել։
Բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունները կատարել են Քանաքեռ-Զեյթունի բնակիչ 20 և 21 տարեկան երկու երիտասարդներ։ Երկուսն էլ ձերբակալվել ու ներկայացվել են նախաքննական մարմին, որտեղ տվել են խոստովանական ցուցմունք։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։