14 հունվարի 2026 – 18:47 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարել է, որ իր հիմնական ջանքերն ուղղելու է ռազմավարական գործընկերության փաստաթղթի կյանքի կոչմանը: Այդ մասին նա ասել է Արմենպրեսին տված հարցազրույցում:
TRIPP նախագծի շուրջ Իրանի դիրքորոշման մասին խոսելով՝ դեսպան Շիրղոլամին շեշտել է, որ թեև Իրանը դրական է գնահատում Հայաստանի՝ ապաշրջափակմանն ուղղված ջանքերը, սակայն Թեհրանը մտահոգված է ԱՄՆ-ի դերի և հնարավոր ազդեցության առնչությամբ։
«Մենք հայ գործընկերներին ասել ենք, որ իրենց վստահում ենք, սակայն գործ ունենք Միացյալ Նահանգների հետ։ Հայտնի է, թե ԱՄՆ-ն ինչպիսի գործողություններ է ձեռնարկել Իրանի դեմ, ուստի ամերիկյան կողմին չենք վստահում։ Ունենք այն մտահոգությունը, որ ԱՄՆ-ն կարող է այդ նախագիծն օգտագործել որոշակիորեն ուղղորդված քաղաքականության շրջանակում։ Այդ մտահոգությունը նույնպես փոխանցել ենք հայ գործընկերներին, ովքեր վստահեցրել են մեզ, որ Հայաստանը երբեք չի դառնա սպառնալիքի աղբյուր Իրանի համար։ Պայմանավորվել ենք, որ կապն ու քննարկումները կկրեն շարունակական բնույթ, որպեսզի հասկանանք նախագծի մասշտաբները»,– նշել է դեսպանը։
Նրա խոսքով՝ վերջին այցի շրջանակում Իրանի արտգործնախարարի քաղաքական հարցերով տեղակալ Թախտ Ռավանչին Երևանում քննարկել է Հայաստանի ղեկավարության հետ 2026 թվականի երկկողմ հարաբերությունների ճանապարհային քարտեզի մշակման հարցը, ինչպես նաև նախապատրաստվող ռազմավարական գործընկերության փաստաթուղթը։ Դեսպանը հույս է հայտնել, որ այդ փաստաթուղթը կստորագրվի արդեն այս տարի։
Նա առանձնահատուկ կարևորել է Քաջարանի թունելի նախագծում իրանական կողմի ներգրավվածությունը՝ նշելով, որ գործընթացն առաջ է գնում, իսկ տնտեսական ու առևտրային համագործակցությունը դինամիկ աճ է ցուցաբերում։ Դեսպանը նշել է, որ ընթացքի մեջ են տարբեր ոլորտների ուսումնասիրություններ, որոնց նպատակն է խորացնել գործընկերային կապերը։
Ինչ վերաբերում է իր գործունեության առաջնահերթություններին, դեսպան Շիրղոլամին հայտնել է, որ իր հիմնական ջանքերը կուղղվեն ռազմավարական գործընկերության փաստաթղթի կյանքի կոչմանը։ Նա առանձնացրել է նաև տրանսպորտի, էներգետիկայի, ազատ առևտրի, տուրիզմի և կրթության ոլորտներում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։
Ռազմավարական գործընկերության փաստաթղթի վերաբերյալ դեսպանը տեղեկացրել է, որ ներկայում մշակվում է դրա բովանդակությունը՝ հաշվի առնելով երկու կողմերի առաջարկները, և վերջնական տարբերակը կստորագրվի բարձրաստիճան հանդիպման շրջանակում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի հետ առևտուր անող երկրների նկատմամբ 25 տոկոս մաքսատուրք սահմանելու մտադրության հարցին ի պատասխան՝ դեսպանն ընդգծել է, որ նման սահմանափակումներ նորություն չեն Իրանի համար։ Նրա խոսքով՝ թեև պատժամիջոցները խստացել են, Իրանը և Հայաստանը շարունակում են համագործակցել՝ հիմնվելով փոխադարձ շահերի ու քաղաքական կամքի վրա։
Էլեկտրահաղորդման նոր գծի կառուցման մասին խոսելիս՝ դեսպանը նշել է, որ նախագիծը 92 տոկոսով արդեն պատրաստ է, և չնայած իրանական կապալառուի առաջացած որոշ խնդիրներին, ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր այն ավարտին հասցնելու համար։ Նա ընդգծել է այս նախագծի նշանակությունը՝ հատկապես Իրանի հյուսիսարևմտյան նահանգների էներգետիկ կարիքների ապահովման համատեքստում։
Վերջում նա կարևորել է հայ-իրանական հարաբերությունների պատմական և քաղաքակրթական խորությունը՝ ընդգծելով, որ որևէ նախագիծ չպետք է սպառնա այդ հարաբերությունների ամրությանը։ Դեսպանը հույս է հայտնել, որ Իրանի մտահոգությունները կլսվեն, և շարունակական երկխոսությամբ կողմերը կխուսափեն ցանկացած թյուրըմբռնումից։
Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամին հրավիրված ասուլիսի ժամանակ կոշտ ձևակերպումներով անդրադարձել է Թեհրանի դեսպանատան դիմաց օրեր շարունակ ընթացող բողոքի ակցիաներին և հայտարարել, որ ՀՀ–ն դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների կենտրոն: