Բուհական և գիտական ինչպիսի՞ համակարգ է պետք 21-րդ դարի Հայաստանին․ «Դպրություն»

Բարձրագույն կրթությունն ու գիտությունը պարզապես ոլորտներ չեն։ Դրանք պետության երկարաժամկետ անվտանգության և զարգացման հիմքերն են։ Այսօր ոլորտը Հայաստանում գտնվում է անցումային փուլում։ Կարևոր բարեփոխումներ կան, սակայն, դեռ առկա են համակարգային խնդիրներ՝ կապված արդյունավետության, ինքնավարության և նորարարության խթանման հետ։

«Միջազգային կապերը, իսկապես, նպաստում են և՛ համալսարանի առաջընթացին, և՛ մեր ուսանողների շարժունակությանը՝ ավելի բարձր մակարդակին հասցնելուն։ Մենք իրականացնում ենք կրկնակի դիպլոմների ծրագրեր, բայց ոչ բոլոր ուղղություններով։ Սակայն, ունենք ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս մեր ուսանողներին իրենց ուսումնառության երեք կամ չորս կիսամյակներից մեկը անցկացնել մեր գործընկեր բուհերում։ Եվ այսօր արդեն շատ լավ նորություն կարող եմ ասել։ Անցյալ տարի մեր համատեղ ծրագիրը, որն իրականացնելու համար դիմել էինք մեր իսպանացի և իտալացի գործընկեր կազմակերպություններին, ֆինանսավորվեց Եվրամիության կողմից, և հիմա՝ հունվարից, սկսելու ենք երկու տարի տևողությամբ ծրագիր, որի վերնագիրն է «ԵՄ կամուրջ․ Հայաստանի բարձրագույն կրթության զարգացում՝ եվրոպական ծրագրերի կառավարման համար»», — ասում է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանը։

Անդրադառնալով հարցերին, թե ինչպե՞ս է այսօր կառավարվում մեր կրթական և գիտական համակարգը և արդյո՞ք այն համահունչ է 21-րդ դարի պահանջներին, աշխատաշուկային և գիտատեխնոլոգիական զարգացման տեմպերին, Ատոմ Մխիթարյանն ասում է, որ զարգացման համար բազմաշերտ մոտեցում պետք է ցուցաբերվի և աշխատանքները պետք է տարվեն բոլոր ուղղություններով։

Ուժեղ տնտեսություն, կայուն պետություն և ստեղծարար հասարակություն ունենալու համար պետք է վերանայել ոչ միայն կրթության բովանդակությունն, այլև դրա կառավարման փիլիսոփայությունը։

Leave a Comment