Իշխող թիմում դժգոհություն է առաջացրել Արամ Սարգսյանի վարքագիծը հոր հոգեհանգստի ժամանակ. ԶԼՄ

Իշխանական թիմում դժգոհություն է առաջացրել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի վարքագիծը հոր՝ Զավեն Սարգսյանի հոգեհանգստի արարողության ժամանակ, հայտնում է «Հրապարակ» օրաթերթը:

Իշխանության ներկայացուցիչների վրդովմունքի պատճառը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ցուցաբերված ընդունելությունն է. ըստ ԶԼՄ-ների հրապարակած տեղեկությունների՝ Սարգսյանը խոնարհվել է և համբուրել Վեհափառի աջը:

Այս քայլը քաղաքական թիմի ներսում ընկալվել է որպես դիրքորոշման կտրուկ փոփոխություն, քանի որ տեղի է ունեցել իշխանության և եկեղեցու միջև առկա սուր հակամարտության պայմաններում:

Թերթը պնդում է, որ իշխանության համախոհ համարվող գործչի նման ժեստը Գարեգին Բ-ի նկատմամբ անընդունելի է համարվել թիմակիցների համար:

Արդյունքում իշխանական թիմի բազմաթիվ ներկայացուցիչներ, ովքեր ներկա էին հոգեհանգստին, չեն գնացել հուղարկավորությանը:

«Իշխանական մեր զրուցակիցը խոստովանեց, որ չնայած տասնյակ հարյուրավոր իշխանականներ են մասնակցել հոգեհանգստին և մտադրություն են ունեցել թաղմանն էլ գնալ, բայց այդ տեսարանից հետո մտափոխվել են` թաղմանը չեն գնացել», – նշել է պարբերականը:

Leave a Comment