Կառավարությունում ներքին դժգոհությունների տեղիք է տվել պարգևավճարների բաշխման գործընթացը. ԶԼՄ

Հայաստանի կառավարությունում ներքին դժգոհությունների տեղիք է տվել տարեվերջյան պարգևավճարների բաշխման գործընթացը, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը։

Պարբերականի պնդմամբ՝ տարբեր գերատեսչությունների աշխատակիցների շրջանում վրդովմունք է առաջացրել այն փաստը, որ «միլիոնավոր դրամների հասնող վճարումները կատարվել են անհավասար սկզբունքով՝ հիմնականում տրամադրվելով իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչներին»։

Անհամաչափ բաշխումը վրդովմունք է առաջացրել նաև օրենսդիր մարմնում, հայտնել է թերթը։

Ըստ լրատվամիջոցի՝ պատգամավորները համարում են, որ խախտված է պետական համակարգի հիերարխիան, երբ փոխնախարարների պարգևավճարները կազմում են 4,5-5 միլիոն դրամ՝ գերազանցելով խորհրդարանականների 3 միլիոն դրամ վարձատրությունը։

Մամուլը հայտնել էր, որ ՀՀ նախարարներն ու փոխնախարարները դեկտեմբերին միլիոնավոր դրամների պարգևավճարներ էին ստացել։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հունվարի 14-ին հաստատել էր պարգևավճար ստանալու փաստը՝ նշելով, որ այն տրվել է կատարված լավ աշխատանքի համար։ Նախարարը նաև հայտարարել էր, որ կառավարությունը կարող է դիմել ավելի ռադիկալ քայլերի՝ վերանայելով աշխատավարձերի համակարգը։

Leave a Comment