Բաքուն հիմա էլ Հնդկաստանի կողմից էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ, իբր, բռնաճնշումների մասին միջազգային համաժողով է անցկացնելու

Քաղաքականություն

14.01.2026 | 23:10

Ֆրանսիայից հետո Ադրբեջանը հիմա էլ Հնդկաստանի դեմ է արշավ մեկնարկում։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հունվարի 16-ին Բաքվի նախաձեռնող խմբի կազմակերպմամբ Ադրբեջանում կանցկացվի միջազգային համաժողով՝ «Ռասիզմ և բռնություն սիկհերի և այլ ազգային փոքրամասնությունների նկատմամբ Հնդկաստանում. ժամանակակից իրականություն» թեմայով, որը նվիրված է Հնդկաստանի կառավարության կողմից էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ, իբր, կիրառվող բռնաճնշողական քաղաքականությանը։

Նշվում է, որ միջոցառմանը կմասնակցեն Փենջաբի մարդու իրավունքների և փոքրամասնությունների հարցերով նախարար Ռամեշ Սինգհ Արորան և այլ պաշտոնյաներ, ինչպես նաև Կանադայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի սիկհ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչներ, վերլուծական կենտրոնների ղեկավարներ, մարդու իրավունքների և էթնիկ փոքրամասնությունների ոլորտում աշխատող արտասահմանյան համալսարանների գիտնականներ, ինչպես նաև  իբրև թե Հնդկաստանի կառավարության բռնաճնշող, ռասիստական ​​և հալածողական քաղաքականությունից տուժած անձինք:

Հաղորդվում է, որ քննարկումները կկենտրոնանան այս գործընթացում միջազգային և տեղական ոչ կառավարական կազմակերպությունների և գիտնականների դերի, ինչպես նաև նրանց զեկույցների, իրավական կարծիքների և առաջարկությունների միջազգային որոշումների կայացման մեխանիզմների վրա ազդելու ներուժի վրա։

Նշենք, որ 2023 թվականի հուլիսի 6-ին ստեղծվել է Բաքվի նախաձեռնող խումբ, որը Փարիզի, ինչպես նաև Բրյուսելի դեմ տարբեր միջոցառումներ է անցկացնում՝ դրանում ներգրավելով ֆրանսիական անդրծովյան տարածքների ներկայացուցիչներին։ Այն կազմակերպել է մեկ տասնյակից ավելի միջազգային համաժողովներ, որոնցից մի քանիսը՝ ՄԱԿ-ի կենտրոնակայաններում՝ Նյու Յորքում, Ժնևում և Վիեննայում, Ստամբուլում, Բաքվում։ Ադրբեջանը նաև ֆինանսավորում է Ֆրանսիայի և Կորսիկայի անդրծովյան տարածքների տարբեր ներկայացուցիչներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment