Ադրբեջանական գերությունից հունվարի 14-ին Հայաստան վերադարձված Վագիֆ Խաչատրյանն այժմ հետազոտվում է «Նորք-Մարաշ» ԲԿ-ում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Խաչատրյանին այցելած առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Տեսակցեցի Վագիֆին, ասաց, որ լավ է, ուրախ է, քանի որ Հայաստանում է, սպասում է հարազատների հետ հանդիպմանը։ Նա այս պահին հետազոտվում է։ Գիտենք, որ Վագիֆը ուներ նաև սրտային քրոնիկ վիճակ, և մենք պետք է որոշակի հավելյալ հետազոտություններ իրականացնենք։ Մեր մասնագիտական թիմը որոշումներ կկայացնի հետագա բուժման ընթացքի վերաբերյալ՝ վստահ լինելով, որ լավագույն հսկողության տակ է»,- ասաց նախարարը։ Ավանեսյանի խոսքով՝ Ադրբեջանից Հայաստան վերադարձած Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը լավ է, մյուս երեք քաղաքացիների առողջական վիճակը բավարար է գնահատվում։