«Ուրախ եմ ադրբեջանական գերությունից մեր հայրենակիցների վերադարձի համար։ Սակայն ահաբեկիչներին չի կարելի նույն հարթության վրա դնել անմեղ մարդկանց հետ»,- այս մասին հայտարարել է «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։
Նրա խոսքով՝ տվյալ հանցագործների վերաբերյալ դատավարությունները կարող էին ծառայել որպես կարևոր գործիք՝ բացահայտելու Թուրքիայի և Ադրբեջանի հետախուզական ծառայությունների ներգրավվածությունը միջազգային ահաբեկիչների և վարձկանների տեղափոխման ու թրաֆիքինգի գործընթացներում։
Թաթոյանն ընդգծել է, որ նման դատավարությունների միջոցով հնարավոր կլիներ միջազգային հանրության առջև փաստերով ներկայացնել այդ պետությունների դերակատարությունը՝ ահաբեկչական ցանցերի հետ համագործակցության հարցում։
«Ահաբեկիչներին պետք էր օգտագործել բոլորին վերադարձնելու համար»,- նշել է նա՝ պարզաբանելով, որ խոսքը ռազմավարական և իրավական լծակների մասին է, որոնք կարելի էր կիրառել՝ մնացած գերիների վերադարձն ապահովելու նպատակով։
Նրա գնահատմամբ՝ հարցը ոչ միայն հումանիտար է, այլ նաև անվտանգային և քաղաքական, և պահանջում է առավել կոշտ ու հաշվարկված մոտեցում։