ԱՄՆ ռազմական միջամտությունն Իրանում հնարավոր է առաջիկա 24 ժամվա ընթացքում․ ԶԼՄ

ԱՄՆ ռազմական միջամտությունն Իրանում կարող է տեղի ունենալ առաջիկա 24 ժամվա ընթացքում, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով եվրոպական աղբյուրին։

«Երկու եվրոպացի պաշտոնյաներ նշել են, որ ԱՄՆ ռազմական միջամտությունը հավանական է, իսկ մեկը՝ որ դա կարող է տեղի ունենալ առաջիկա 24 ժամվա ընթացքում», – նշվում է հաղորդագրության մեջ: Իսրայելցի մի պաշտոնյա նաև գործակալությանը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ըստ երևույթին, որոշել է միջամտել, չնայած դրա շրջանակը և ժամկետները դեռևս չեն պարզաբանվել:

Գործակալությունը նաև հայտնել է, հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյայի, որ Միացյալ Նահանգները որոշ անձնակազմ է դուրս բերում տարածաշրջանում գտնվող իր հիմնական ռազմական բազաներից՝ որպես նախազգուշական միջոց՝ լարվածության սրման պատճառով:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիան նույնպես տարհանում է իր որոշ զորքերի Կատարի Ալ Ուդեյդ ավիաբազայից:

Իրանն ավելի վաղ զգուշացրել էր հարևան երկրներին, որտեղ ամերիկյան զորքեր են տեղակայված, որ պատրաստ է հարվածել ամերիկյան բազաներին, եթե Վաշինգտոնը միջամտի երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերին:

Բողոքի ցույցերն Իրանում սկսվել էին 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ իրանական ռիալի կտրուկ արժեզրկումից և գների բարձրացումից հետո։ Ավելի վաղ Թրամփը բազմիցս հայտարարել էր Իրանին հարվածելու հնարավորության մասին, եթե երկրի իշխանությունները սկսեն սպանել բողոքի ակցիաների մասնակիցներին։ Նա նաև հայտարարել էր Իրանի հետ բիզնես վարող երկրների արտադրանքի համար 25%-անոց ներմուծման մաքսատուրքեր սահմանելու մասին և կոչ էր արել ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ լքել երկիրը։

Leave a Comment