Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը Թելեգրամի իր ալիքում գրում է. «Ռոյթերզը, հղում անելով եվրոպական անանուն պաշտոնյայի, հայտնում է, որ ԱՄՆ առաջիկա 24 ժամերի ընթացքում կարող է հարվածել Իրանին: Դատելով Թրամպի հայտարարություններից՝ Իրանին հարվածը թերեւս անխուսափելի է: Թրամպը ըստ էության չի թողել չհարվածելու տեղ: Այլ հարց է, թե ինչպիսին է լինելու հարվածը:
Մեծ հավանականությամբ, այն կլինի այսպես ասած ձեւական, դեմքը փրկելու համար արվող հարված: Թրամպը ըստ ամենայնի կհարվածի այնպիսի թիրախի, որը Իրանի համար չի լինի լուրջ խնդիր, իսկ Թրամպին թույլ կտա ասել հակառակը՝ թե շատ խիստ պատժել է Իրանին: Հնարավոր է, որ Իրանն էլ իր հերթին հետո ինչ որ հարված կհասցնի ԱՄՆ որեւէ ռազմակայանի, ինչպես 12-օրյա պատերազմից հետո ի պատասխան ԱՄՆ հարվածի՝ ինքն էլ թիրախավորեց Կատարում ԱՄՆ ռազմակայանը: Հետո Թրամպը շնորհակալություն հայտնեց Իրանին, նախապես հարվածի մասին իրազեկելու համար:
Սա իհարկե թատրոնի մասին չէ, պարզապես փոխադարձ շահագրգռության: Թե Իրանի, թե Թրամպը չունեն իրավիճակի լարման շահագրգռություն: Փորձեցին հերթական անգամ ճոճել Իրանը: Իրանը ճոճվեց, բայց մնաց «ոտքի վրա»: Ի՞նչ գնով, սա իհարկե հարցի այլ կողմ է:
Բայց, ինչպես ասում են՝ «մինչ հաջորդ հանդիպում»:
Իհարկե սա իմ դիտարկումն է, որը կառուցում եմ այսպես ասած ողջախոհությանն ապավինելով: Նախօրեին ես խոսեցի ԱՄՆ ազգային հետախուզական ծառայության ղեկավար Թուլսի Գաբարդի՝ Իրանի հարցում գոնե առայժմ կարծես թե հրապարակային լռության մասին, նրան դիտարկելով Թրամպի վարչակազմի «բանականության ձայն»: Եթե Գաբարդը հրապարակավ լուռ է, ապա գուցե այն պատճառով, որ առայժմ չի տեսնում իրավիճակի այնպիսի զարգացման ռիսկ, որը կարող է ստեղծել մեծ ապակայունացում»: