Բենզինի շուկայի պատկերը փոխվել է, Ադրբեջանից ներկրողների թիվը՝ ոչ, բայց հակամրցակցային վիճակ չկա․ ՄՍՇՊՀ նախագահ

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահը ամփոփել է 2025-ին կատարած աշխատանքները։ Գեղամ Գևորգյանը ներկայացրել է արվածն ու խոսել անելիքներից։ Լրագրողների հարցերի «առյուծի բաժինը» վերաբերել է վառելիքի, մասնավորապես, բենզինի շուկայում տեղի ունեցող փոփոխություններին։ Պաշտոնյան նշել է, որ շուկայի վրա ազդեցություն է ունեցել ադրբեջանական բենզինի ներկրումը, չնայած քանակը մեծ չի եղել։ Ըստ նրա՝ մրցակցությունն այս շուկայում ասելիք ունեցել է։

Կա՞ մրցակցության պայմանների խախտում բենզինի շուկայում, երբ ադրբեջանական նավթամթերքի երկրորդ խմբաքանակը ներկրում են նույն երկու ընկերությունները։ Ընկերություններից մեկը ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Մեգա Թրեյդ»-ն է, որը շահագործում է Ran Oil բենզալցակայանների ցանցը, երկրորդը՝ «Շիշա ուորլդ»-ն է, որը վաճառք չի կարող իրականացնել։ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսպես է պարզաբանում․

«Կառավարությունը ազատ է կոմունիկացվել բիզնեսի հետ, բայց խոսել այն մասին, որ մենք որևէ մեկին հնարավորություն չենք տվել, դա ճիշտ չէ։ Կառավարությունը ինքը  բենզին ներկրող չէ։ Ենթադրում եմ Ադրբեջանից բենզին բերելու հնարավորության մասին է եղել խոսքը, այս պահը հստակ հասկանանք, թե կառավարությունը ձեռք է բերել, հետո եկել ու 2 հոգու առաջարկել է։ Կառավարությունը իմացել է, որ Ադրբեջանը պատրաստակամ է վաճառելու բենզին կամ դիզելային վառելիք կամ որևէ բան։ Տնտեսվարող սուբյեկտներին ոչ թե նախապատվություն է տրվել, այլ խոսքը այդ հնարավորության մասին է։ Ենթադրում եմ՝ բոլորն իմացել են, որ Ադրբեջանի հետ մենք արդեն փորձում ենք առևտրաշրջանառություն զարգացնել։ Չի եղել տնտեսվարող սուբյեկտ, որը մեզ հետ շփումների արդյունքում ասել է, որ ինքը չգիտեր Ադրբեջանից բենզին ներկրելու հնարավորության մասին։ Ոչ միայն տնտեսվարողներին, այլ նաև ցանկացած քաղաքացու տրվում է հնարավորություն, գնացեք պայմանագրեր կնքեք»։

Ներկրումները մենաշնորհային չեն՝ կառավարության վերջին նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում շեշտել էր Հայաստանի վարչապետը՝ ներկայացնելով հայ գործարարներին կառավարության առաջարկի հիմքում եղած հաշվարկները։

«Փոխվարչապետների հանդիպման ժամանակ Ադրբեջանի փոխվարչապետն արտահայտել էր պատրաստակամություն՝ վաճառելու նավթամթերք։ Հայաստանի կառավարությունը, նախնական ուսումնասիրելով դաշտը, այն գործարարներին, որոնք, մեր գնահատմամբ, հակված չեն լինի դրանից քաղաքական ակցիա սարքել, ասել ենք, որ կա այդպիսի հնարավորություն, և երկու կողմերի ընկերությունները, եթե չեմ սխալվում,  կապ են հաստատել։ Ի միջի այլոց, ասեմ՝ բոյկոտի դրսևորում առաջին խմբաքանակի ներկրման ժամանակ եղավ։ Եղան ցանցեր, որոնք հրաժարվեցին վաճառել այդ բենզինը, ինչը նշանակում է, որ մեր նախնական մտահոգությունը և մտավախությունը ճիշտ էր։ Հիմա մեկ, երկու, երեք, չորս, հինգ, ես կարծում եմ, որ բոլորի համար հասկանալի կլինի, որ այդ շուկան և հնարավորությունը բաց է բոլորի համար և ով ուզենա, կարող է դրանից օգտվել»։

Մտավախություններ կան, բայց գործարարների համար սահմանափակում՝ ոչ, ասել էր Նիկոլ Փաշինյանը։ Ավելին՝ այս պահին այլ ուղղությամբ էլ է աշխատանք տարվում։

Տնտեսական պայմանավորվածությունները ձեռք էին բերվել մոտ մեկ ամիս առաջ ադրբեջանական Գաբալա քաղաքում՝ փոխվարչապետներ, Սահմանազատման հարցերի հանձնաժողովների ղեկավարներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուսթաֆաևի հանդիպմանը։

Գեղամ Գևորգյանն ընդգծում է՝ տնտեսվարողներից դժգոհություններ չեն ստացել, բայց բենզինի շուկայում արդեն արձագանք կա, չնայած Ադրբեջանից ներկրված ապրանքի ծավալը քիչ էր։ Այդ արձագանքի մասին նախ վարչապետ Փաշինյանը նշեց։

«Ադրբեջանից հիմնականում ներմուծվում է պրեմիում տեսակի բենզին Հայաստանի Հանրապետությունում, պրեմիում տեսակի բենզինի նվազագույն գինը, այսինքն՝ որ շուկայում հնարավոր է ձեռք բերել, նվազել է 15 %-ով և նախկին 510 դրամի փոխարեն 1 լիտրի դիմաց այսօր արդեն 430 դրամ է»։

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահը ընդգծում է՝ սա այլընտրանք է, իսկ այլընտրանքը դրական ազդեցություն է ունենում շուկայի վրա

«Տրանսպորտային հանգույցի աշխատելու հանգամանքը մեզ  տալիս է ազդակներ, որ վրացական կողմի  բեռնափոխադրումների գինը էական կարող է նվազել։ Այսօր արդեն ազդակները կան։ Իհարկե, կյանքը ցույց կտա՝ որքան  և ինչպես կլինի։ Հայաստանի Հանրապետությունում գործող ցանկացած տնտեսվարող սուբյեկտ կարող է գործընկերների միջոցով կամ ինքնուրույն կապ հաստատել, պայմանագիր կնքել, ներմուծում իրականացնել՝ ոչ միայն բենզին կամ դիզել, այլ նաև ցանկացած ապրանք, որ  ցանկանում է ներկրել։

Դրա մասին, վստահաբար, կոմունիկացիա կա և վստահաբար կարող եմ ասել՝ բոլոր տնտեսվարող սուբյեկտները տեղյակ են այդ մասին, բենզինի ոլորտում հաստատ, քանի որ իրենք այդքան շատ չեն, գոնե գործողները»։

2025թ. առաջին տասն ամսում Հայաստանը 165 մլն դոլարի բենզին է ներկրել , հիմնականում՝ ռեգուլյար տեսակի։ Վերջին օրերին բենզինի գինը նվազել է։ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը ուսումնասիրել էր շուկայի՝ 2022-2023 թվականների իրավիճակը։ Բենզինի շուկան Հայաստանում կենտրոնացվածության բարձր մակարդակ ունի։ Ոլորտում գործող ամենախոշոր չորս ընկերություններին բաժին է ընկել ներմուծման ծավալի 96%-ը։ 

Leave a Comment