Հեղուկ գազի կրկին թանկացել է։ Վարորդներն արձանագրում են, որ երկու օր առաջ 190 դրամ արժեցող գազի գինը հասել է 250 դրամի։ Նախորդ տարվա հուլիսին նույնպես այս շուկայում նույն իրավիճակն էր․ տասը օրվա ընթացքում հեղուկ գազը թանկացել էր 120 դրամով։ Պատասխանատուներն աճը տնտեսագիտական գլխավոր՝ առաջարկի ու պահանջարկի կանոնով են բացատրում և բորսաներում հեղուկ գազի գնի բարձրացմամբ։
Արդեն մի քանի օր վարորդները դժգոհում են հեղուկ գազի դեֆիցիտից կամ գնի բարձրացումից։ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն իրավիճակում հակամրցակցային գործունեության տարրեր չի տեսնում։
«Որ ասում եք՝ ամեն անգամ թանկանում է, եկեք ասենք, այդպես չէ, որովհետև ամեն անգամ էժանանում է, հետո՝ թանկանում։ Երբ հեղուկ գազի գինը դառնում է, ասենք, 90 դրամ, ես չեմ ասում՝ վայ գիտե՞ք, ժողովուրդ, ես ձեզ համար 90 դրամ եմ սարքել։ Հեղուկ գազը բորսայի ապրանք է։ Մենք կարող ենք ընդհանրապես այդ ոլորտը չնայել, քանի որ ՀՀ-ում 100-ից ավել տնտեսվարող սուբյեկտ կա, որոնք ներմուծում են հեղուկ գազ։ Ամենաշատ մասնաբաժին ունեցող տնտեսվարող սուբյեկտի ծավալը 9 %-ը երբեք չի գերազանցել։ Ասել, որ կարող է իրար հետ պայմանավորվեն, միանգամից գին բարձրացնեն, աբսուրդ է, ասել, որ կա գերիշխող դիրք, չարաշահում՝ չկա»։
Գևորգյանի խոսքով՝ բորսայում հեղուկ գազի գնի բարձրացման գործոնին գումարվում է նաև Լարսի անցակետի պարբերաբար փակվելը, ինչի հետևանքով ընկերությունների ծախսերն ավելանում են։

«Լարսը, որ փակվում է, այդ մեքենան, որը պետք է, օրինակ, 10 օրում գնար, գնում է 20 օրում, տրանսպորտը թանկանում է։ Թողենք, որ բորսայի գինը բարձրանում, իջնում է։ Հեղուկ գազի պահանջարկը Հայաստանով չէ միայն։ Հայաստանը դրա ամենամեծ սպառողը չէ։ Մյուս երկրները՝ ընդհուպ Պակիստան, եթե սկսում է բորսայից մեծ քանակությամբ ձեռք բերել, պահանջարկ է ձևավորվում, կա սեզոնայնություն, սկսում է ապրանքի գինը թանկանալ։ Եթե ապրանքի գինը թանկանում է բնականաբար, Հայաստանում էլ է թանկանում, հենց դա է շուկայական հարաբերությունը»։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը հեղուկ գազի շուկայում վերահսկողության մասին խոսելիս նկատում է՝ այս շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող չկա։
«Մրցակցության հանձնաժողովը կկարողանա միջամտել հեղուկ գազի շուկային, եթե, օրինակ, ի հայտ գա կազմակերպություն, որին, ասենք, պատկանի շուկայի 1/3-ը։ Այդ ժամանակ կարող է միջամտել։ Սակայն մրցակցային հանձնաժողովն ասում է՝ անելիք չունի, քանի որ գերիշխող դիրք ունեցող կազմակերպություն չկա»։
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն առհասարակ վառելիքը, այդ թվում՝ հեղուկ գազը դիտարկում է որպես ռազմավարական նշանակության ապրանք։ Դրա շարժը, ըստ տնտեսագետի, պետք է վերահսկվի պետության կողմից, ներմուծումը պետք է կազմակերպվի։
«Պետությունն այս առումով, ի դեմս էկոնոմիկայի նախարարության, պետք է լինի ավելի «նախահարձակ»։ Խոսքը ոչ միայն ընթացիկ կարիքների բավարարման մասին է, որն իրականացնում են այն մասնավոր ընկերությունները, որոնք փորձում են բավարարել տեղական շուկայի պահանջարկը։ Այստեղ անպայման պետության միջամտությունն է պետք ոչ միայն արձանագրելու, թե քանի մեքենա է գալիս Հայաստան, քանիսն է դուրս գալիս, այլ՝ ի՞նչ գներով և ի՞նչ եղանակներով կարելի է ձեռք բերել առավել որակյալ և մատչելի։ Այստեղ տնտեսական դիվանագիտության դերը բավականին բարձր է»։
Մինչ պատասխանատուները տնտեսագիտական օրինաչափություններն են բացատրում, սոցիալական ցանցերի տարբեր խմբերում օգտատերերն արձանագրում են՝ մի քանի օր առաջ 190–210 դրամ արժեցող հեղուկ գազի գինը հասել է 250 դրամի սահմանագծին։