TRIPP-ի կառուցումը սկսելու փաստաթղթային հիմքն է ստեղծվել Վաշինգտոնում: Հայաստանի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարն ստորագրել են «TRIPP զարգացման ընկերության» ստեղծման մասին հռչակագիրը, որում ըստ Հայաստանի գլխավոր դիվանագետի, բոլոր հարցերի պատասխանները կան, ըստ շատ վերլուծաբանների ու ընդդիմադիր քաղաքական գործիչների՝ չկան:
Չնայած ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեկ րոպեանոց հայտարարության մեջ մի քանի անգամ շեշտում է Հայաստանի ինքնիշխանության պահպանման կարևորությունը, կասկածներ կան, որ այնուամենայնիվ կատարվում է Ադրբեջանի պահանջը. Սյունիքով անցնելիս ադրբեջանցիները հայ սահմանապահների չեն հանդիպի: Այդ հարցին Միրզոյանն ուղիղ չի պատասխանել, բայց բացատրել է, որ մասնավոր ընկերություն է հավաքելու այդ ճանապարհով անցնող մեքենաների ու մարդկանց տվյալները ու փոխանցելու է հայկական կողմին: