Իրանի իշխանությունները բողոքի ակցիաների պատճառով ամբողջությամբ անջատել են ինտերնետը, բջջային կապը և սոցիալական ցանցերը՝ փորձելով մեկուսացնել երկիրը և թաքցնել բռնությունը

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ Իրանում ընթացող զանգվածային բողոքի ցույցերի և ինտերնետի համատարած անջատման ֆոնին ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկն իր աջակցությունն է հայտնել ցուցարարներին։ Նրա SpaceX ընկերությունն անվճար ակտիվացրել է Starlink արբանյակային ինտերնետը Իրանի օգտատերերի համար։
Այս մասին գրում է BILD-ը՝ հղում անելով ամերիկյան Bloomberg պարբերականին, որն էլ իր հերթին հղում է արել ընկերության աղբյուրներին։
Նշենք, որ SpaceX-ի կողմից պաշտոնական հայտարարություն դեռևս չի հնչել։
Իրանի իշխանությունները բողոքի ակցիաների պատճառով ամբողջությամբ անջատել են ինտերնետը, բջջային կապը և սոցիալական ցանցերը՝ փորձելով մեկուսացնել երկիրը և թաքցնել բռնությունը։
Starlink-ը թույլ է տալիս շրջանցել նման սահմանափակումները, քանի որ այն աշխատում է անմիջապես արբանյակների միջոցով և կախված չէ պետական ենթակառուցվածքներից։ Ծառայության տերմինալները Իրանում պաշտոնապես արգելված են, սակայն դրանք զանգվածաբար ներկրվում են մաքսանենգ ճանապարհով։
Նախկին գնահատականներով՝ երկրում կար շուրջ 20 հազար Starlink սարքավորում, սակայն Holistic Resilience կազմակերպության ղեկավար Ահմադ Ահմադիանը Bloomberg-ին հայտնել է, որ այժմ դրանց թիվն արդեն անցնում է 50 հազարը։
Ըստ լրատվամիջոցների տվյալների՝ իրանական իշխանությունները փորձում են խլացնել ազդանշանը, սակայն այն լիովին արգելափակել չեն կարողանում։