
Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը կոչ է արել լրագրողներին առավելագույն պատասխանատվությամբ և զգայունությամբ մոտենալ Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն վերադարձված անձանց թեմայի լուսաբանմանը՝ ընդգծելով նրանց և նրանց ընտանիքների անձնական կյանքի իրավունքի հարգման կարևորությունը։
«Հարգելի՛ լրագրողներ, խնդրում ենք առավելագույն պատասխանատվությամբ և զգայունությամբ մոտենալ Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն վերադարձված անձանց թեմային։
Հորդորում ենք հարգել նրանց և նրանց ընտանիքների անձնական կյանքի իրավունքը, ինչպես նաև իրենց կողմից կայացված որոշումները՝ հանրայնացման, տեսալուսանկարահանման կամ հրապարակայնության այլ ձևերի վերաբերյալ»,- գրել է Բաղդասարյանը։
Հիշեցնենք՝ Գևորգ Սուջյանն ու Դավիթ Դավթյանը գերեվարվել էին 2020 թ․ նոյեմբերին՝ պատերազմի ավարտից հետո, երբ փորձել էին աջակցություն հասցնել Ղարաբաղ: Ադրբեջանում ընկերները դատապարտվել էին 15 տարվա ազատազրկման: Լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանը գերեվարվել էր 2020-ի նոյեմբերի 10-ին, Շուշի ուղևորվելու ճանապարհին: Էուլջեքջյանը դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման: Ինչ վերաբերում է Վագիֆ Խաչատրյանին. տարեց տղամարդը գերեվարվել էր 2023-ի հուլիսին՝ Հակարիի կամրջի մոտ, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Ղարաբաղից մեկնում էր Հայաստան՝ բուժման նպատակով: 2025-ի դեկտեմբերի վերջին տեղեկություններ տարածվեցին, որ նրա առողջական վիճակը Բաքվի բանտում վատացել է, տեղափոխվել է հիվանդանոց:
Դիտումների քանակ23