ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ՀՀ և Վրաստանի միջև ռեադմիսիայի մասին համաձայնագրի վավերացմանը

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ՀՀ և Վրաստանի միջև ռեադմիսիայի մասին համաձայնագրի վավերացմանը

14 հունվարի 2026 – 18:26 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը տվել է իր դրական եզրակացությունը Հայաստանի և Վրաստանի միջև առանց օրինական կարգավիճակի բնակվող անձանց հետընդունման՝ ռեադմիսիայի մասին համաձայնագրի վավերացման հարցին։

Նիստի ընթացքում հարցը ներկայացրել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը՝ պարզաբանելով, որ համաձայնագիրը վերաբերում է այն քաղաքացիներին, որոնք գտնվում են այս կամ այն պետության տարածքում առանց օրինական հիմքերի։

«Համաձայնագիրն առնչվում է երկու պետությունների տարածքում գտնվող միմյանց քաղաքացիներին, որոնք տվյալ երկրներում են գտնվում առանց օրինական հիմքերի: Համաձայնագիրը սահմանում է ընթացակարգեր, որոնցով երկու երկրների պետական լիազոր մարմինները կարող են նշված անձանց վերաբերյալ տեղեկություն փոխանակել․ քաղաքացիության անհստակության պարագայում՝ սահմանվում են այն փաստաթղթերը, որոնց միջոցով ճշտվում է անձի քաղաքացիությունը»,– նշել է Ղազարյանը։

Նրա խոսքով՝ համաձայնագրի հիմնական նպատակը անօրինական միգրացիայի կանխարգելումն ու զսպումն է, ինչպես նաև միգրացիոն քաղաքականության ոլորտում համագործակցության ամրապնդումը երկու հարևան երկրների միջև։

ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագրի վավերացման հարցը քննարկման կդրվի ԱԺ լիագումար նիստում։

Leave a Comment