Արդարադատության նախարարը հաստատել է՝ 15–18 հազ․ դոլարի հավելավճար է ստացել․ պետծառայողներին ընդհանուր մոտ 7,9 մլն դոլարի պարգևավճար է տրամադրվել

Վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է պետական ծառայողներին ընդհանուր շուրջ 3 միլիարդ դրամի (մոտ 7,9 միլիոն դոլար) հավելավճարի վճարման թեման


ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հայկական լրատվամիջոցներում և սոցցանցերում վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է պետական ծառայողներին ընդհանուր շուրջ 3 միլիարդ դրամի (մոտ 7,9 միլիոն դոլար) հավելավճարի վճարման թեման:


Չորեքշաբթ կայացած ճեպազրույցի ժամանակ Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը բացատրել է պաշտոնյաների պարգևատրման տրամաբանությունը և պետական հատվածում աշխատանքի վարձատրության մոտեցումները՝ ընդգծելով, որ պարգևավճարները վճարվում են կատարված աշխատանքի համար՝ հաստատված մեթոդաբանության հիման վրա:


Նա դժվարացել է նշել անձամբ իր ստացած հավելավճարի հստակ չափը՝ նշելով, որ խոսքը մոտ 6–7 մլն դրամի (շուրջ 15-18 հազար դոլար) մասին է, և հավելել է, որ այդ տեղեկատվությունը փակ չէ և արտացոլված է պաշտոնատար անձանց տարեկան հայտարարագրերում:


Նախարարը նշել է, որ պարգևավճարները վճարվում են ոչ միայն կառավարության անդամներին կամ նրանց տեղակալներին, այլ նաև նախարարությունների աշխատակիցներին՝ հաշվի առնելով կոնկրետ գերատեսչության կողմից իրականացված առաջնահերթ խնդիրների ծավալը:


Նման մոտեցումը, նրա խոսքով, ուղղված է մոտիվացիայի բարձրացմանը և պետական հատվածում կադրային խնդիրների մասնակի լուծմանը, ներառյալ մասնագետների դեֆիցիտը:


Գալյանն ընդգծել է, որ գործող մոդելը ենթադրում է ուղղակի կապ աշխատանքի արդյունքների և վարձատրության չափի միջև։ «Պարգևավճարներն իրենցից ներկայացնում են փոխհատուցում կատարված աշխատանքի ծավալի և որակի համար», — պարզաբանել է նա:


Հարցին՝ իսկ ինչո՞ւ ուսուցիչների, դասախոսների, բժիշկների նկատմամբ այդ որոշումը չկիրառվեց, այլ միայն պաշտոնատար անձանց, նա պատասխանեց․ «Տարբեր մարմինների հետ կապված աշխատավարձերի բարձրացման բանաձևերը տարբեր կերպ են մշակվել․ ուսուցիչների համար գործարկվել է ատեստավորման համակարգը։ Մյուս ոլորտներում մշտապես բարձրացումներ եղել են։ Նաև քրեակատարողական համակարգի ծառայողների, ոստիկանության, դատական իշխանության, զինծառայություն իրականացնող անձանց՝ այս բոլոր ոլորտներում ունեցել ենք աշխատավարձերի հիսուն տոկոսով աճ։ Բոլոր իմ նշած ոլորտներում ոչ պակաս, քան 30 տոկոսով աշխատավարձի բարձրացում է տեղի ունեցել»։

ՀՀ կառավարության մեկնաբանությունը


Հայաստանի Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում, «Արմենպրես»–ի հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ կառավարությունը 2025 թվականի նոյեմբերի 27-ին ընդունել է Պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսման պիլոտային կարգը, իսկ Կառավարության 2025 դեկտեմբերի 4-ի նիստում՝ պետական մարմիններին գումար հատկացնելու վերաբերյալ որոշումը։ Նշված փաստաթղթերն առհասարակ գաղտնիության բնույթ չունեն։


Կառավարության նիստում դրանք եղել են զեկուցվող հարցեր եւ նիստի ընթացքում մանրամասն ներկայացվել են որոշումների նպատակներն ու սկզբունքները։


Կառավարության՝ պետական մարմիններին գումար հատկացնելու վերաբերյալ 2025 թվականի դեկտեմբերի 4 –ի որոշման գաղտնի կետը վերաբերում է ուժային կառույցներին, որոնց պարագայում համապատասխան գործընթացները մշտապես իրականացվում են նման ընթացակարգով՝ հաշվի առնելով տվյալ մարմինների աշխատանքների կազմակերպման առանձնահատկությունները։


«Ընդունված որոշումները բխում են հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունից, որի նպատակն է՝ բարձրացնել կառավարման մարմինների արդյունավետությունը և հանրային ծառայության մրցունակությունը։ Այս մոտեցումը նախատեսված է բարձր կատարողականը խրախուսելու, պետական համակարգում վարձատրությունը կատարված աշխատանքին համահունչ, իսկ պետական ծառայությունը ավելի գրավիչ դարձնելու, հանրային ծառայողների շարունակական կրթությանը աջակցելու նպատակով։ Պիլոտային ծրագրի արդյունքները դառնալու են մեր կողմից շարունակական վերլուծության առարկա, իսկ եզրակացությունները՝ հիմք՝ հետագա բարեփոխումների շրջանակներում հանրային ծառայության մոտիվացիոն մեխանիզմներն ավելի արդյունավետ դարձնելու համար», – նշել են կառավարությունից։


 

Leave a Comment