Երուսաղեմի դատարանը հրաժարվել է միավորել «Կովերի այգու» գործով հայցերը – Armenia Today

Երուսաղեմի շրջանային դատարանը մերժել է իսրայելական Xana Gardens ընկերության միջնորդությունը՝ հայ համայնքի հայցը Հայ Առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի նախաձեռնած առանձին գործի հետ միավորելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Երուսաղեմի հայկական թաղամասի փրկության շարժումը։

Դատարանի հունվարի 9-ի որոշումից հետևում է, որ միջնորդությունը չի համապատասխանում վարույթները միավորելու իրավական չափանիշներին:

Դատարանը նշել է, որ չնայած արտաքին նմանություններին, գործերը հիմնված են տարբեր փաստական հանգամանքների վրա և շոշափում են առանձին իրավական և ապացուցողական հարցեր: Մասնավորապես, հայ համայնքի հայցը վերաբերում է Պատրիարքարանի՝ «Կովերի այգի» տարածքի վերաբերյալ համաձայնագիր կնքելու լիազորությանը, ինչը պահանջում է ինքնուրույն քննարկում: Դատարանը նաև նշել է, որ գործերի միավորումն այս փուլում չի բարձրացնի դատավարական արդյունավետությունը և կարող է հանգեցնել դատավարության ձգձգմանը:

Արդյունքում միջնորդությունը մերժվել է, և երկու գործերն էլ կշարունակեն քննվել միմյանցից անկախ։ Դատական ծախսերի վերաբերյալ որոշում դատարանը չի կայացրել։

2023թ․ հունիսին հայտնի էր դարձել Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի մի մասի՝ 99 տարով վարձակալության հանձնման մասին «առեղծվածային հրեական ծագումով ավստրալիացի գործարարին՝ էլիտար շինարարության համար»։ Երուսաղեմի հայ համայնքը 2024թ․ փետրվարի 18-ին դատարան էր ներկայացրել հայց՝ վարձակալության պայմանագիրը չեղյալ հայտարարելու պահանջով։

Օգոստոսին հայկական կազմակերպություններն զգուշացրել էին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի՝ Xana Gardens-ի հետ նոր գործարք կնքելու մասին` գաղտնի, առանց համայնքի հավանության և հրապարակված միայն մասամբ։ Սեպտեմբերին Իսրայելի կառավարությունը վերսկսել էր Երուսաղեմի հայկական եկեղեցու սեփականության վրա քաղաքային հարկեր սահմանելու փորձը։

Leave a Comment