Գերագույն հոգևոր խորհուրդ․ Հետաձգված Եպիսկոպոսաց ժողովը կանցկացվի փետրվարին

Գերագույն հոգևոր խորհուրդ․ Հետաձգված Եպիսկոպոսաց ժողովը  կանցկացվի փետրվարին

14 հունվարի 2026 – 17:42 AMT

PanARMENIAN.Net – Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ հունվարի 13-ին անցկացվել է Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։

Որոշվել է նախորդ տարեվերջին հրավիրված և ժամանակավորապես հետաձգված Եպիսկոպոսաց ժողովը և աղոթական առանձնացումը կազմակերպել փետրվար ամսվա ընթացքում։

Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են եկեղեցու կառավարման, կանոնակարգման և կարգապահական ոլորտներին։ Եկեղեցու և պետության միջև հարաբերությունների ընթացիկ վիճակին անդրադարձ է կատարել Գևորգ Դանիելյանը՝ հանդես գալով զեկույցով։

Ընդգծվել է, որ ՀԱԵ մտահոգությունները քննարկվում են սահմանված կարգով՝ համապատասխան մարմինների շրջանակում, և դրանց լուծման նպատակով ներկայացվում են համարժեք առաջարկներ։ Նշվել է, որ «ներեկեղեցական հակադրությունների» մասին պտտվող թեզը արհեստական բնույթ ունի և ծառայում է իշխանությունների՝ եկեղեցու ներքին գործերին ապօրինի միջամտությունները լեգիտիմացնելու նպատակին։ Միաժամանակ արձանագրվել է, որ 2025 թվականի մայիսի վերջից սկսած, պետական կողմից նախաձեռնված հակաեկեղեցական արշավը դարձել է համակարգված՝ ուղեկցվելով Սահմանադրությանը հակասող գործողություններով, քրեական հետապնդումներով և ճնշումներով հոգևորականների նկատմամբ։

Գերագույն հոգևոր խորհուրդը երախտագիտություն է հայտնել հավատավոր ժողովրդին, ինչպես նաև այն կառույցներին ու անհատներին, որոնք օրենքի սահմաններում հանդես են եկել վճռական աջակցությամբ՝ պաշտպանելով Եկեղեցու իրավունքները։ Խորհուրդը անընդունելի է համարել Հայ Եկեղեցու՝ քաղաքականության մեջ ներգրավված լինելու մեղադրանքները՝ մերժելով իշխանության՝ արհեստական օրակարգերով Եկեղեցուն քաղաքական գործընթացներում ներգրավելու փորձերը, որոնք սպառնալիք են ազգային միասնականությանը։

Խորհուրդը նաև մտահոգություն է արտահայտել տասը եպիսկոպոսների որդեգրած պառակտիչ վարքագծի, ինչպես նաև Մայր Աթոռի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին նրանց կողմից արված զրպարտչական ու մեղադրական հայտարարությունների կապակցությամբ։ Ժողովականներն առանձնակի խստությամբ դատապարտել են այդ եպիսկոպոսների միանալը վարչապետի հովանավորությամբ նախաձեռնված «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման ծրագրին», ինչպես նաև ՏԻՄ ղեկավարների, ուժային և իրավապահ մարմինների մասնակցությամբ թեմակալ առաջնորդների կողմից հոգևորականների վրա գործադրվող ապօրինի ճնշումներն ու սպառնալիքները։

Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ է արել հոգևորականությանը մերժել անօրինական պարտադրանքները և իրենց առաքելությունն իրականացնել՝ հավատարիմ մնալով Հայ Եկեղեցու կանոնակարգին։

Առկա իրավիճակից դուրս գալու ուղիների քննարկման արդյունքում որոշվել է փետրվարին անցկացնել նախորդ տարվա ավարտին հայտարարված, սակայն ժամանակավորապես հետաձգված Եպիսկոպոսաց ժողովը և աղոթական առանձնացումը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով միանալ ՀԱԵ բարեփոխմանը: Փաշինյանն ընթերցել է հայտարարությունը ֆեյսբուքյան եթերում, որից հետո հայտարարությանը միացած եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները ստորագրել են այն: Փաշինյանը հայտնել է, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ, որի վրա դրված են Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման կազմակերպման պարտականությունները։ Այդ խորհուրդը կարող է համալրվել միայն միաձայն որոշմամբ։

Հայտարարությամբ հրապարակվել է նաև Եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզը՝ հետևյալ օրակարգով․բարենորոգման օրակարգի հանրահռչակում․ Եկեղեցու փաստացի պետի հեռացում, կաթողիկոսական տեղապահի ընտրություն, եկեղեցու կանոնադրության ընդունում, Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրություն։

Leave a Comment