Հայաստանը Թուրքիայի միջոցով Սիրիային է վերադարձրել ցմահ դատապարտված երկու քաղաքացու

Հայաստանն այսօր Թուրքիայի միջոցով Սիրիային է վերադարձրել ցմահ դատապարտված երկու քաղաքացու

Հայաստանը Թուրքիայի միջոցով Սիրիային է վերադարձրել ցմահ դատապարտված երկու քաղաքացու


ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանն այսօր Թուրքիայի միջոցով Սիրիային է վերադարձրել ցմահ դատապարտված երկու քաղաքացու։


Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։


«2026 թվականի հունվարի 14-ին, Հայաստանի Հանրապետությունում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի Հանրապետության միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին՝ իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով: Փոխանցումն իրականացվել է համապատասխան իրավասու մարմինների միջև համագործակցության և կիրառվող իրավական մեխանիզմների ներքո», – նշվում է հաղորդագրության մեջ։


Հայաստանի գլխավոր դատախազությունը 2020 թվականի նոյեմբերին հայտնել էր, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի վերաբերյալ քրեական գործերի շրջանակում կալանավորվել են Սիրիայի քաղաքացիներ Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջին:


Ըստ քննության տվյալների՝ նրանք Թուրքիայի տարածքով Ադրբեջան են փոխադրվել 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին և վարձատրության դիմաց կռվել են Ադրբեջանի զինված ուժերի կազմում՝ մասնակցելով Արցախի զինվորականների և խաղաղ բնակչության դեմ իրականացված մարտական գործողություններին ու հանցագործություններին։ Նրանց առաջադրվել են մեղադրանքներ, այդ թվում՝ միջազգային ահաբեկչության, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների և վարձկանության հոդվածներով։


Leave a Comment