14 հունվարի 2026 – 17:00 AMT
PanARMENIAN.Net – Հունվարի 14-ին Ադրբեջանը ՀՀ-ին է փոխանցել է Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքջյանին և Վագիֆ Խաչատրյանին։ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ Ադրբեջանում պահվող գերիների վերադարձը տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության շրջանակում:
«Գործընթացն իրականացվել է որպես ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ գերիները Հակարիի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների կողմից փոխանցվել են ՀՀ կառույցներին և այժմ տեղափոխվում են Երևան:
Մի քանի օր առաջ լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանը, որի առողջական վիճակը խիստ վատթարացել էր գերության մեջ, կնոջն ուղղված նամակում խնդրել էր հետաձգել որդու հարսանիքը:
Դեկտեմբերի 22-ին Ադրբեջանում 15 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի բնակիչ 70-ամյա Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր: Նա հոսպիտալացվել էր: Խաչատրյանն առևանգվել էր, երբ Կարմիր խաչը նրան տեղափոխում էր Հայաստան՝ սրտի շտապ վիրահատության համար՝ Հակարի կամրջի վրա ապօրինաբար տեղադրված անցակետում:
2020 թվականի նոյեմբերին՝ Արցախում մարտական գործողությունների ավարտից հետո, հայտնի էր դարձել, որ Բերձոր-Շուշի ճանապարհին գերեվարվել են «Նոր Հայաստան Հայրենիք-Սփյուռք» բարեգործական ՀԿ-ի հիմնադիր նախագահ Գևորգ Սուջյանն ու նրա ընկերը՝ Դավիթ Դավթյանը։ Սուջյանը պատերազմի օրերին ընկերների հետ միասին օգնություն էր տեղափոխում Արցախ։ 2021 թ. Ադրբեջանի դատարանը նրանց դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ մեղադրելով լրտեսության մեջ։