«Ստուդիո 20»-ում տարեմուտին մեկնարկել է «Հյուրա/ապրելու/սենյակ» խորագրով արտառոց նախագիծը, որը պարզապես ցուցահանդես չէ, այլ կենդանի միջավայր՝ աշխատարանների, քննարկումների և ընկերական ընթրիքների հարթակ։ Այստեղ ջնջվում են արվեստագետի ու այցելուի միջև առկա սահմանները՝ ստեղծելով գաղափարների ու էներգիայի փոխանակման տիրույթ, որտեղ առաջնային են ընկերությունն ու համերաշխությունը։ Ցուցադրությանը մասնակցում են տարբեր սերունդների շուրջ 100 արվեստագետներ։
Թե ինչու է արվեստն այսօր նախընտրում հաղորդակցության հենց այս անմիջական ձևը, պատմում են «Ստուդիո 20» կոլեկտիվի համահիմնադիր Մերի Միքայելյանը, արվեստագետներ Արթուր Վարդանյանն ու Անժելա Հովակիմյանը։
Մերի Միքայելյանի բնորոշմամբ՝ «Ստուդիո 20»-ը ավանդական «սպիտակ խորանարդ» չէ։ Այն միշտ եղել է ցուցասրահի, հանրային վայրի ու անձնական մտերմիկ միջավայրի հատման տիրույթում։ Նախագծի վերնագիրն առաջացել է ապրելու և հյուրընկալելու համատեղման գաղափարից՝ իր բոլոր հակասություններով ու լարումներով՝ ընդլայնվելով որպես ինքնատիպ սոցիալական երևույթ։
Արթուր Վարդանյանը կարևորում է մարդկանց ջերմություն հաղորդելու և մեկ տարածքում համախմբելու փաստը, որտեղ չկան պաշտոնական հրավերներ։ Նա սա շաղկապում է Հայաստանի ներկայիս իրավիճակի հետ՝ փորձելով հանրայնացնել ու փոխանցել ազատության, ջերմության և խաղաղության կոնցեպտը։
Անժելա Հովակիմյանի համար ցուցադրության անունը հարազատ է նախևառաջ միասին լինելու փորձի տեսանկյունից՝ անկախ կարծիքների տարբերությունից։ Նա ընդգծում է, որ սա ձանձրույթը փարատելու կամ ժամանց կազմակերպելու մասին չէ։ Նպատակն է, որ արվեստը դադարի ընկալվել որպես զվարճանքի միջոց, քանի որ հենց այդ մոտեցումն է իրականում ձանձրալի։
«Ստուդիո 20»-ում «Հյուրա/ապրելու/սենյակ» ցուցադրությունը կշարունակվի մինչև հունվարի 25–ը։