14 հունվարի 2026 – 15:59 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ադրբեջանական բենզինի ներկրմանը և հակադարձելով մեղադրանքներին, հայտարարել է, որ բենզինի համար Եռաբլուրը չենք մոռացել, այլ 2018-ից սկսած իրենց, ի վերջո, հաջողվել է բենզինի շուկայի մենաշնորհը հաղթահարել: Այդ մասին նա ասել է «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկմանը:
«2018-ին ինչքան ենք չարչարվել շուկայի մենաշնորհները հաղթահարելու ուղղությամբ։ Այո՛, դե յուրե հաղթահարել ենք։ Այս ընթացքում բենզինի ներմուծում էլ է եղել, ընդլայնվել է շուկան, բայց այն մենաշնորհները, որոնց մի ծայրը ՀՀ-ում է, մյուսը՝ ՀՀ-ից դուրս, մեզ չէր հաջողվում այդ մենաշնորհների խնդիրները լուծել։ Հիմա մեր բոլորի աչքի առաջ բենզինի և դիզվառելիքի շուկայում հաստատված տասնամյակների մենաշնորհը խաղաթղթերի տնակի նման քանդվում է»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:
Նրա խոսքով՝ նախկինում շուկան վերահսկող ընկերություններն այսօր վերջին փորձերն են անում պահպանելու իրենց դիրքերը։
«Մեծ ներդրումներ են անում՝ հակաարշավ, իրենց մենաշնորհային դիրքը հայրենասիրական կարգախոսների ներքո պաշտպանելու համար։ Մինչդեռ ՀՀ սպառողները տասնամյակներով տրիլիոնավոր դրամներ ավել են վճարել այդ ամենի համար։ Այսօր դրա համար պատասխանատվություն ու բացատրություն չեն ուզում տալ»,- ասել է նա։
Նա նշեց, որ դեկտեմբերի 25-ից մինչև այսօր ՀՀ քաղաքացիների գրպանում տասնյակ միլիարդ դրամներ են մնացել։
«Երեկ տեսա՝ տենց էլի գրում են՝ «բենզինի համար Եռաբլուրը մոռացաք»։ Ո՛չ, այդպես չի, որովհետև զարգացած, կայուն, անվտանգ, միջազգային բարձր հեղինակություն ունեցող ՀՀ-ն ամենամեծ հարգանքի տուրքն է մեր նահատակներին, մեր ընկած եղբայրներին։ Մեր եղբայրները ընկել են, որ ՀՀ-ն ոտքի կանգնի, և ՀՀ-ն ոտքի է կանգնել որպես միջազգային հանրության պատասխանատու մասնակից, արժանապատիվ մասնակից»,- ասել է նա նա։
Նա հավելել է, որ Հայաստան-Ադրբեջան երկկողմ առևտրի դրսևորումները տեղի ունեցան շատ ավելի վաղ, «քան միջազգային հանրությունը, գուցե նաև Ադրբեջանը, սպասում էր»:
Ավելի վաղ ադրբեջանական բենզինի ներմուծման հարցին է անդրադարձել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով․ «Բենզինի ձեռքբերումը, որքան հասկանում եմ, շատ շահավետ է ՀՀ քաղաքացիների համար։ Ես տեսա, որ բոյոկոտի կոչեր կան, բայց իմացա, որ նաև հերթեր կան այդ բենզինի համար»:
Հարցին, թե ինչու է Ադրբեջանը Հայաստանին էժան բենզին տալիս, Միրզոյանը պատասխանել է․ «Որովհետև խաղաղությունը հաստատված է և համագործակցություն պետք է ձևավորվի, և մեր տարածքով էլ պետք է անցնեն Ադրբեջանի և Թուրքիայի բեռներ, և մենք պետք է իրենց տարածքով անցնենք»։
Դեկտեմբերի 19-ին Հայաստան է մտել Ադրբեջանի Socar ընկերության բենզինով բեռնված 22 վագոնից կազմված գնացքը։