Հաստատվել է 2026-ի դրսեկության ավարտական քննությունների ժամանակացույցը և կարգը

Հաստատվել է 2026-ի դրսեկության ավարտական քննությունների ժամանակացույցը և կարգը

14 հունվարի 2026 – 15:14 AMT

PanARMENIAN.Net – ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2026 թվականի առաջին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման կարգը և ժամանակացույցը։

Քննությունները կանցկացվեն փետրվարի 16-ից մինչև մարտի 13-ը ներառյալ՝ Երևանի թիվ 198 ավագ դպրոցում (Նոր Նորք, 9-րդ զանգված, Վիլնյուսի 13/1)։

Հիմնական կրթության վկայականի համար դրսեկ սովորողները այս քննաշրջանում «Հայոց լեզու», «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաներից հանձնելու են գրավոր քննություն։ Թեստերը կազմելու է Գնահատման և թեստավորման կենտրոնը՝ յուրաքանչյուր առարկայից առնվազն 4 տարբեր թեստով՝ 20 բալանոց գնահատման համակարգով։

Բանավոր քննություն կանցկացվի հետևյալ առարկաներից՝ «Հասարակագիտություն», «Ինֆորմատիկա», «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն», «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար), «Օտար լեզու» (ընտրությամբ՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլն), «Հայաստանի պատմություն», «Գրականություն», «Ռուսաց լեզու»։

«Ֆիզկուլտուրա» առարկայից անցկացվելու է ստուգարք՝ նորմատիվների հանձնումով։

Բանավոր քննությունների հարցաշարերը կազմվում են քննություններն անցկացնող դպրոցի մեթոդական միավորումների կողմից՝ առնվազն 10 հարցատոմս յուրաքանչյուր առարկայից՝ 10 բալանոց գնահատման համակարգով։

Միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար դրսեկները «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Հայաստանի պատմություն», «Մաթեմատիկա», «Հայոց լեզու և գրականություն», «Ռուսաց լեզու», «Համաշխարհային պատմություն» և «Օտար լեզու» առարկաներից հանձնելու են գրավոր քննություն՝ ԳԹԿ-ի կազմած 20 բալանոց թեստերով։

«Հասարակագիտություն», «Ինֆորմատիկա», «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն», «Ռուս գրականություն» առարկաներից՝ կանցկացվեն բանավոր քննություններ։

«Ֆիզկուլտուրա»-ից նույնպես կանցկացվի ստուգարք։

Բոլոր բանավոր քննությունների հարցաշարերը սահմանվում են դպրոցների մեթոդական խմբերի կողմից՝ առնվազն 10 հարցատոմս՝ 10 բալանոց գնահատման համակարգով։

Գնահատման կարգը.

  • Գրավոր և պետական ավարտական քննությունները գնահատվում են 20 բալանոց համակարգով։
  • Տարեկան գնահատականները ստացվում են 20 բալանոց գնահատականների համարժեքը 10 բալանոց սանդղակով ներկայացնելով։
  • Բանավոր քննությունները գնահատվում են 10 բալանոց համակարգով և համարվում են նաև տարեկան գնահատականներ։

20 բալից 10 բալին անցման սանդղակը՝

  • 8–9 միավոր` 4
  • 10–11 միավոր` 5
  • 12–13 միավոր` 6
  • 14–15 միավոր` 7
  • 16–17 միավոր` 8
  • 18–19 միավոր` 9
  • 20 միավոր` 10

Leave a Comment