14 հունվարի 2026 – 15:29 AMT
PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչով է պայմանավորված այն փաստը, որ ներկայումս պաշտպանական սպառազինության գլոբալ շուկան բաց է Հայաստանի առաջ։
«Երբ արձանագրվեց, որ Ադրբեջանի հետ փոխադարձ ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, ըստ էության, պաշտպանական սպառազինության շուկան մեր առաջ բացվեց, որովհետև ասացինք, որ իր ինքնիշխան տարածքից դուրս չի կիրառվելու»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:
Վարչապետը նշել է նաև մի շարք հավելյալ հանգամանքներ, որոնք այդ գործընթացում առանցքային դեր են ունեցել։
«Չեմ էլ ուզում թաքցնել, որ այնտեղ կան երկրորդական նյուանսներ ևս, որոնք կապված են ՀԱՊԿ-ի հետ, որովհետև ՀԱՊԿ-ին մեր մասնակցությունը լրջագույն խոչընդոտ էր՝ միջազգային շուկային հասանելիություն ունենալու համար»։
Նրա խոսքով՝ 2022 թվականին իրավիճակն ամբողջությամբ այլ էր, և անգամ պայմանավորված վճարումները չէին ապահովում մատակարարումների իրականացումը։
«Նույնիսկ 100 մլն դոլարով ունեինք վճարումներ, որ պետք է ստանայինք սպառազինություն և տեխնիկա, և երբեմն քաղաքավարի, երբեմն ոչ քաղաքավարի, մեզ այդ մատակարարումները չէին իրականացնում»,- ասել է նա և հավելել, որ Հայաստանը սկսել է առաջնորդվել միջազգային հարթակներում ընդունված բանաձևերով։
Փաշինյանը ընդգծել է, որ այդ գործընթացի տրամաբանական շարունակությունն է ՀԱՊԿ-ում անդամակցության սառեցումը։
«Մենք սառեցրինք մեր անդամությունը ՀԱՊԿ-ին»,- ասել է նա։
Հայաստանի վարչապետը և այլ հայ բարձրաստիճան պաշտոնյաներ վերջին շրջանում չեն մասնակցում ՀԱՊԿ նիստերին։ 2024-ի փետրվարին Հայաստանը հայտարարել է ՀԱՊԿ-ին իր անդամակցությունը սառեցնելու մասին, հետագայում նաև հրաժարվել է կատարել կազմակերպությանն անդամակցելու վճարը: