Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով վերջին տարիներին ձեռք են բերվել շատ լուրջ սպառազինություն և տեխնիկական միջոցներ։
Այս մասին «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ընթացքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ վերջին շրջանում տարբեր խմբերի հրավիրում են տեղում ծանոթանալու Հայաստանի կողմից ձեռք բերված սպառազինությանն ու տեխնիկային։
«Երբ մարդկանց հրավիրում ենք, ակնհայտ է, որ ցույց տալու բան ունենք և ցանկանում ենք, որ մարդիկ դա տեսնեն»,-նշեց նա։
Միաժամանակ Փաշինյանը կարևոր համարեց անդրադառնալ այն հարցին, թե ինչու այդպիսի միջոցներ հնարավոր չէր ձեռք բերել ավելի վաղ։ Նրա խոսքով՝ նախկինում Հայաստանը դիմել է տարբեր երկրների, սակայն ստացել է մերժումներ։
«Մեզ շատ քաղաքավարի ասում էին, որ հրաժարվում են սպառազինություն վաճառել, որովհետև համոզված չեն, որ այն կկիրառվի Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում։ Ավելին՝ կասկածներ կային, որ այդ միջոցները կարող են օգտագործվել այդ տարածքից դուրս»,-ասաց Փաշինյանը։
Փաշինյանը հիշեցրեց, որ իրավիճակը փոխվել է 2022 թվականին, երբ Պրահայում Հայաստանը և Ադրբեջանը հայտարարել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ճանաչելու մասին՝ Ալմաթիի հռչակագրի հիման վրա։
«Դրանից հետո, ըստ էության, սպառազինության պաշտպանական միջազգային շուկան մեր առաջ բացվեց, որովհետև մենք ասել ենք, որ Հայաստանի Հանրապետության բանակը չի կիրառվելու իր ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս»,-ընդգծեց նա։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը պատրաստ է ստանձնել այդ պարտավորությունները նաև դե-յուրե ձևաչափով։
«Սա նշանակում է, որ մենք հռչակել ենք՝ Հայաստանի Հանրապետության բանակը կարող է կիրառվել միայն պաշտպանական նպատակներով և միայն սեփական միջազգայնորեն ճանաչված տարածքի ներսում»,- եզրափակեց Փաշինյանը։