8-ից ավելի կանչ տվող բուժառուների համար՝ շտապբուժօգնությունը դառնալու է վճարովի. Ռուբեն Գրիգորյան

Պետության կողմից երաշխավորված անվճար հիմունքներով սպասարկվելու է մինչև 8 կանչը: 8-ից ավել կանչ տվող բուժառուների համար կանչը դառնալու է վճարովի: Կան որոշ բացառություններ՝ ցրտահարություն, դանակահարություն և այլն: 9 կանչի համար գինը սահմանվել է 10,000 դրամ: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Ռուբեն Գրիգորյանը:

«Ըստ մեր վիճակագրության՝ Երևան քաղաքի բնակչության շուրջ 99 տոկոսը 2025 թվականին տվել է մինչև 8 անգամ կանչ: Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ շատ ճիշտ որոշում է դա, որովհետև այն բուժառուն, որ 20, 30 և ավել անգամ կանչ է տալիս, ուրեմն բուժհաստատությունում բուժման կարիք ունի: Նման կանչերի պատճառով, իրական, հրատապ, շտապ բուժօգնության կարիք ունեցող մարդկանց կանչերն ուշանում են: Ես միանգամայն կողմ եմ սահմանափակմանը»,- նշել է նա:

Անդրադառնալով այս փոփոխությանն ու իրենց կողմից բուժառուներին այս մասին ծանուցելուն, Գրիգորյանը նշեց, որ դա կիրառում են. «Օրինակ՝ այսօր 2 բուժառուի ծանուցում ենք ուղարկել, որ 8 կանչը լրացել է, ու 15-օրյա ժամկետում պետք է 10,000 դրամ վճարեն, տեսնենք ընթացքը ոնց ցույց կտա»:

Leave a Comment