14 հունվարի 2026 – 14:46 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով քննարկման ժամանակ հայտարարել է, որ Եվրամիության իրականացրած ծրագրերը Հայաստանում չեն սահմանափակվում միայն սոցիալական կամ ինստիտուցիոնալ ուղղություններով․ ԵՄ-ն նշանակալի ֆինանսական միջոցներ է ուղղել նաև մասնավոր հատվածի աջակցությանը և մարզերի զարգացմանը, հատկապես Սյունիքի մարզում։ Նրա խոսքով՝ չնայած ԵՄ-ի կատարած աշխատանքը միշտ չէ, որ տեսանելի է, սակայն դրա ազդեցությունն ու ծավալները խիստ զգալի են։
«Մենք ավելի քան 250 միլիոն եվրո ենք ուղղել ծրագրերին՝ մասնավոր հատվածին աջակցելու համար»,- նշել է նա, հայտնում է Արմենպրեսը:
Մարագոսը առանձնացրել է մի կոնկրետ ծրագիր, որը ստորագրվել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի այցի ժամանակ։ Ծրագրի շրջանակում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ստանձնել է 4 միլիոն եվրոյի ֆինանսավորում՝ ուղղված չորս տարբեր ծրագրերի իրագործմանը, այդ թվում՝ աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանված գործարարներին։
Դեսպանը նշեց, որ այդ ֆինանսավորման շրջանակում յուրաքանչյուր ծրագրում առնվազն 35 տոկոսը տրամադրվում է որպես դրամաշնորհ։
«Եթե ծրագիրը, օրինակ, կազմում է 1 միլիոն եվրո, ապա 350 հազարը կլինի դրամաշնորհ»,– ընդգծել է նա՝ նշելով, որ սա ԵՄ աջակցության չափազանց հստակ օրինակ է։
ԵՄ դեսպանի խոսքով՝ Եվրամիությունը պատրաստակամ է ընդլայնել այս ծրագրերը՝ խթանելով ներդրումները և աջակցությունը բիզնես միջավայրին։
Մարագոսը նշել է նաև, որ մասնավոր հատվածին ուղղված այլ ծրագրերի շնորհիվ Հայաստանում համագործակցություն է հաստատվել մոտ 17 հազար փոքր և միջին ձեռնարկությունների հետ, որոնց միջոցով ստեղծվել է ավելի քան 27 հազար աշխատատեղ։
Միաժամանակ դեսպանը շեշտել է, որ նման նախաձեռնությունները չեն կարող լուծել Հայաստանի բոլոր տնտեսական խնդիրները։ Ըստ նրա՝ գլխավոր պատասխանատվությունն ընկած է երկրի կառավարության վրա, իսկ ԵՄ-ն հանդես է գալիս որպես գործընկեր՝ աջակցելով այդ ջանքերին տնտեսության աճի և դիմակայունության ամրապնդման ուղղությամբ։
ԵՄ-ն, ըստ դեսպանի, աջակցում է նաև հաղորդուղիների զարգացմանը, այդ թվում՝ կարևորելով Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման նախաձեռնությունը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև սահմանային անցակետերի արդիականացման կամ նոր անցակետերի ստեղծման ուղղությամբ գոյություն ունի մեծ և խոստումնալից համագործակցային դաշտ։
«Ես կարծում եմ, որ մենք Եվրամիության հետ սահմանային անցակետերի արդիականացման կամ ստեղծման ուղղությամբ համագործակցելու մեծ դաշտ ունենք։ Հիմա, օրինակ, Հայաստան-Իրան սահմանին մեծ և ժամանակակից մաքսային մեծ անցակետ է կառուցվում՝ Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում»,-ընդգծել է Փաշինյանը։
Հայաստան–ԵՄ գործընկերության խորացման համատեքստում վարչապետը նաև շնորհակալություն է հայտնել Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակում Հայաստանին ցուցաբերված աջակցության համար։
Նա հիշեցրել է, որ Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով Հայաստանին աջակցություն հատկացնելու որոշման շուրջ գոյացել է կոնսենսուս, ինչի շնորհիվ Հունգարիան հանել է իր վետոն։
Մարագոսն հավելել է, որ Հայաստանում Եվրամիության աջակցությամբ իրականացվող ծրագրերն ընդգրկում են նաև էներգետիկ ոլորտը՝ ուղղված տարածաշրջանային կապակցվածության խորացմանը և արտահանման ներուժի մեծացմանը։
Դեսպանի խոսքով՝ ներկայում ընթացքի մեջ է Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման միացվածության ծրագիրը, որն իրականացվում է ԵՄ աջակցությամբ և ուղղված է Հայաստանում էներգետիկ համակարգի կայուն զարգացմանը։
«Սյունիքում իրականացվող նախաձեռնությունների շրջանակում սատարել ենք մի շարք արևային էներգիայի կայանների ենթակառուցվածքների կառուցմանը, ինչպես նաև աջակցություն ենք ցուցաբերել մասնավոր հատվածի ներդրումներին Սևանի Մասրիկ համայնքում»,- ասել է նա։
Մարագոսը նշել է, որ վերոնշյալ ծրագրերի իրագործմամբ Հայաստանը կունենա լիարժեք միացվածություն տարածաշրջանի էլեկտրահաղորդման ցանցերին, ինչը կհնարավորեցնի էլեկտրաէներգիայի արտահանման ընդլայնում։
Նրա խոսքով՝ Սյունիքի մարզը դիտարկվում է որպես ԵՄ-ի առաջնահերթություն ունեցող ուղղություն, որի զարգացմանն արդեն ուղղվել է ավելի քան 200 միլիոն եվրո տարբեր ծրագրերի միջոցով։
Դեսպանը հիշեցրել է այդ ծրագրերից մի քանիսը, այդ թվում՝ Կապանում բացված «Թումո» կենտրոնը, երկու COAF կենտրոնների ստեղծման վերաբերյալ ստորագրված համաձայնագրերը, ինչպես նաև Գորիսում գործող սոցիալական տաքսի ծառայությունը, որն ապահովում է հաշմանդամություն ունեցող քաղաքացիների տեղափոխումը։
Նա շեշտել է, որ ԵՄ-ի բոլոր նախաձեռնություններում կարևոր դեր ունի մարդու իրավունքների պաշտպանությունը՝ «ոչ ոք չպետք է անտեսված լինի» սկզբունքով։
Մարագոսն ընդգծել է, որ Եվրամիությունը մտադիր է շարունակել համագործակցությունը տեղական և մարզային իշխանությունների հետ՝ ապահովելով էներգետիկ և սոցիալական ծրագրերի արդյունավետ իրականացում։