Ուիթկոֆը և Քուշներն առաջիկայում կմեկնեն Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման․ Bloomberg

Քաղաքականություն

14.01.2026 | 14:52

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը և Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, առաջիկայում կմեկնեն Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը շարունակելու ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու համաձայնագրի շուրջ քննարկումները։ Այս մասին հաղորդել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է Meduza-ն։

Գործակալության աղբյուրների համաձայն՝ հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարին, սակայն ծրագրերը կարող են փոփոխվել, այդ թվում՝ Իրանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով։ Մի աղբյուր նշել է, որ դեռևս պարզ չէ՝ որքանո՞վ է Պուտինը հետաքրքրված ամերիկացի բանակցողների հետ մեկ այլ հանդիպման հարցում։

Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել է, որ Ուիթկոֆի, Քուշների և Պուտինի միջև հանդիպում այս պահին նախատեսված չէ։ Կրեմլը չի ​​արձագանքել մեկնաբանության խնդրանքին։

Bloomberg-ը հաղորդում է, որ Քուշները և Ուիթկոֆը ծրագրում են Պուտինին ներկայացնել խաղաղության ծրագրի նախագծի վերջին տարբերակը։

Ուիթկոֆը և Քուշները 2025 թվականի դեկտեմբերի սկզբին մեկնել էին Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպմանա: Ռուսաստանի նախագահը հանդիպումն անվանել էր անհրաժեշտ և օգտակար՝ նշելով, որ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի՝ ամերիկյան առաջարկներում կան կետեր, որոնց հետ Մոսկվան համաձայն չէ:

Հունվարի սկզբին Փարիզում տեղի էր ունեցել գագաթնաժողով, որտեղ Ուկրաինան և նրա եվրոպացի դաշնակիցները, ԱՄՆ-ի մասնակցությամբ, քննարկել էին պատերազմից հետո Կիևին Արևմուտքի կողմից տրամադրվող անվտանգության երաշխիքների մանրամասները։

Ուկրաինական պատվիրակությունը բանակցություններ էր վարել նաև ԱՄՆ-ի հետ՝ քննարկելով Զապորոժիեի ատոմակայանի ճակատագիրը և Դոնբասի ապագան։ Le Monde-ի տվյալներով՝ Կրեմլի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հունվարի 7-ին Փարիզում էր, որտեղ տեղի էր ունենում գագաթնաժողովը։ Axios-ը հայտնել է, որ Դմիտրիևը հանդիպել է Քուշների և Ուիթկոֆի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment