Գազանությունը գերազանցեց ԻՊ-ի ահաբեկիչներին․ դեսպան Շիրղոլամին՝ Իրանի ցուցարարների մասին

Բաժանորդագրվել

Դեսպանը հաստատեց՝ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին վերջին օրերին բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հետ։

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik․ Իրանում այս օրերին տեղի ունեցան գազանություններ, որոնք գերազանցեցին «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների գործողությունները։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամին։

«Գրանցվել է ոստիկանների գլխատման չորս դեպք, եղել են մի քանի դեպքեր, երբ ոստիկաններին ողջ-ողջ այրել են։ Կան տեսագրություններ, որտեղ լսվում են հստակ հրահանգներ, որ պետք է կրակել մարդկանց գլխին»,- ասաց նա։

Դեսպանը հավելեց՝ սպանվել են ոչ միայն ոստիկաններ, այլև քաղաքացիական բնակչություն, ինչպես նաև արտերկրում պատրաստություն անցած ահաբեկիչներ։

Նրա խոսքով՝ Իրանը պատրաստ է բանակցությունների, սակայն դրանք պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա և պետք է պահպանվեն հիմնարար և տարրական սկզբունքները։

Դեսպանը հաստատեց նաև, որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին վերջին երկու օրվա ընթացքում բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հետ։ Շիրղոլամիի խոսքով՝ Պարսից ծոցի երկրներից մեկն էլ քայլեր է ձեռնարկել՝ երրորդ երկրի միջնորդությամբ բանակցություններ վարելու համար։

Leave a Comment