Թեհրանը մտահոգված է, որ ԱՄՆ-ն կարող է օգտագործել TRIPP-ն իր անվտանգային քաղաքականության շրջանակներում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։
«Մենք դա փոխանցել ենք մեր հայ գործընկերներին։ Վերջիններս հավաստիացրել են, որ Հայաստանը երբեք սպառնալիքի աղբյուր չի դառնա Իրանի համար։ Մենք պայմանավորվել ենք, որ այս նախագծի մասշտաբները հասկանալու համար մեր քննարկումները պարբերաբար կշարունակվեն»,-ասաց նա։
Անդրադառնալով ՀՀ-ոմ Իրանի դեսպանատան մոտ ակցիաներին՝ նա ասաց․«Արդեն 6 օր է՝ մենք ականատես ենք լինում, որ մի խումբ հավաքվում է Իրանի դեսպանատան առաջ, շատ անհարգալից, վիրավորական արտահայտություններով են հանդես գալիս։ Ի հեճուկս այն բանի, որ մենք շարունակաբար հնչեցնում ենք մեր բողոքը, այս գործընթացը շարունակվում է։ Մենք ամենադժվար պահերին կանգնել ենք Հայաստանի ժողովրդի և կառավարության կողքին, օրինակները շատ են։ Մենք այսօր ծանր իրավիճակի մեջ ենք, և այն իրադարձությունը, որ այսօր տեղի է ունենում Իրանի դեսպանատան դիմաց, կմնա Իրանի ժողովրդի պատմական հիշողության մեջ»,- ասաց նա: