14 հունվարի 2026 – 12:59 AMT
PanARMENIAN.Net – Փրկարար ծառայության նյութատեխնիկական պարկը համալրվել է նորագույն հրշեջ-փրկարարական մեքենաներով և բազմաֆունկցիոնալ ամենագնացներով։ Ծառայության կարիքների համար ձեռք բերված 8 հրշեջ-փրկարարական և կենցաղային կանչերի սպասարկման համար նախատեսված 10 տրանսպորտային միջոցներն արդեն տրամադրվել են տարածքային ստորաբաժանումներին, հայտնում է ՆԳՆ-ն:
Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ նոր տեխնիկան, լիովին համապատասխանելով ժամանակակից չափորոշիչներին, էականորեն կբարձրացնի արձագանքման արագությունն ու օպերատիվությունն։
«Ներկայացված է եղել ներդրումային երեք ծրագիր, որոնցից առաջինի շրջանակում 2025 թվականին, երկու փուլով, ձեռք են բերվել հրշեջ-փրկարարական և արագ արձագանքման մեքենաներ։ Պետական բյուջեի միջոցներից մոտ 640 միլիոն դրամի չափով գնում է կատարվել։
Սա Փրկարար ծառայության հերթական կարևոր ձեռքբերումն է։ Փրկարարական ուժերի վարչության կողմից կկազմակերպվեն համապատասխան դասընթացներ վարորդների և անձնակազմի համար, որոնց ավարտից հետո միայն ձեռք բերված մեքենաները կդրվեն մարտական հաշվարկի»,- նշել է Տիգրան Պետրոսյանը։
Նոր ամենագնացները բազմաֆունկցիոնալ են և ապահովված են հրշեջ սյունակով՝ հիդրանտին միանալու հնարավորությամբ, ինչը նրանց դարձնում է արդյունավետ ոչ միայն կենցաղային կանչերի սպասարկման, այլև խոշոր հրդեհների մարող աշխատանքների իրականացման համար՝ այդ թվում՝ դժվարամատչելի տարածքներում։
«Մեքենաներն ունեն 3500 լիտր ջրի և 1500 լիտր փրփրահեղուկի տարողություն։ Անհրաժեշտ արձագանքման համար համալրված են համապատասխան գույք-սարքավորումներով։ Իսկ արագ արձագանքման մեքենաները համալրված են 250 լիտր ջրի և 25 լիտր փրփրահեղուկի տարողությամբ»,- ներկայացրել է հրշեջ-փրկարարական պատրաստության բաժնի պետ Գարեգին Սաֆարյանը:
Ժամանակակից տեխնիկական միջոցներով համալրումը կնպաստի փրկարար ծառայության կողմից մատուցվող ծառայությունների արդյունավետության ու որակի բարձրացմանը։
Ներքին գործերի նախարարությունը շարունակաբար իրականացնում է միջոցառումներ՝ ուղղված տեխնիկական հնարավորությունների արդիականացմանը և անձնակազմի մասնագիտական հմտությունների խորացմանը։