Փաշինյան. «Թրամփի ուղին» գոհացնում է ՀՀ-ին, ԱՄՆ-ին և երևի Ադրբեջանին

Փաշինյան. «Թրամփի ուղին» գոհացնում է ՀՀ-ին, ԱՄՆ-ին և երևի Ադրբեջանին

14 հունվարի 2026 – 13:11 AMT

PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ TRIPP նախաձեռնության իրականացման հարցում կողմերին հաջողվել է հասնել այնպիսի բանաձևի, որն ամբողջությամբ բավարարում է Հայաստանին, ԱՄՆ-ին և, ամենայն հավանականությամբ, նաև Ադրբեջանին։ Այս կարծիքը նա հայտնել է Երևանում անցկացվող «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ընթացքում, որին ներկա են եղել նաև ԱՄՆ-ի և ԵՄ-ի դեսպանները։

«Այսպիսով` կանաչ լույս է վառվում տարածաշրջանում երկարատև ու կայուն խաղաղություն հաստատելու գործում։ Ակնհայտ է, որ մեր տարածաշրջան ներհոսելու են մեծ ներդրումներ և մեծ փողեր։ Դա շատ լավ նորություն է»,– ընդգծել է Փաշինյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Նրա խոսքով՝ թեև Ադրբեջանը դեռևս պաշտոնապես չի արձագանքել փաստաթղթին, իր գնահատմամբ, նախանշված լուծումները լիովին համահունչ են Ադրբեջանի շահերին։ Վարչապետը վստահություն է հայտնել, որ «Թրամփի ուղու» իրագործումը փոխում է իրավիճակը տարածաշրջանում՝ այն դարձնելով առավել անվտանգ, հատկապես միջազգային անկայունության համատեքստում։

Նա հավելել է, որ հաջորդ փուլում պետք է կենտրոնանալ Հայաստան–Թուրքիա հարաբերությունների վրա։

«Սա նույնիսկ անհավատալի և աներևակայելի պոզիտիվ միջավայր է, որում մենք հայտնվել ենք, որը չի նշանակում, որ բոլոր հարցերը լուծված են, սակայն այդ հարցերի բոլոր բանաձևերը որոշված են»,– կարծում է նա։

Փաշինյանը նաև ընդգծել է, որ Հայաստանը հետաքրքրված է TRIPP ծրագրում Եվրամիության ներգրավվածությամբ և ցանկանում է քննարկել ԵՄ-ի հետ հնարավոր մասնակցության ձևաչափն ու կոնկրետ ծրագրերը։

«Անհրաժեշտ է ԵՄ մեր գործընկերների հետ մանրամասն քննարկել նաև Եվրամիության ներգրավվածության ձևաչափը և կոնկրետ նախագծերը։ Մենք շահագրգռված ենք դրանում»,– ասել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ չնայած աշխարհում շարունակվող փոթորկող զարգացումներին՝ Հայաստանը և ամբողջ տարածաշրջանն աստիճանաբար վերածվում են անվտանգ և կայուն միջավայրի։

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։, անդրադառնալով TRIPP նախաձեռնությունում Ռուսաստանի հնարավոր ներգրավվածությանը, հայտարարել է, որ Հայաստանը որևէ մտադրություն չունի ՌԴ-ին ծրագրից դուրս թողնելու, հայտնում է Aysor.am-ը:

Նա ահվելել է, որ այդ հարցը չի քննարկվել:

«Չի քննարկվել այդ հարցը։ TRIPP-ի շրջանակները մեծ հաշվով բավականին պարզ են։ Մենք նպատակ չունենք որևէ կերպ դուրս թողնել Ռուսաստանին։ Հայաստանի տարածքում Ռուսաստանը տարբեր ենթակառուցվածքներում ներկայություն ունի, և TRIPP-ում ոչ, բայց TRIPP-ին առնչվող այլ գործունեություն, կապ, համագործակցություն կարող է ստեղծվել նաև Ռուսաստանի Դաշնության համար»,- նշել է նախարարը։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։ Հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։

Leave a Comment