Վաշինգտոնում տեղի ունեցած ասուլիսում ԱԳ նախարարն անդրադարձել է TRIPP նախագծում Ռուսաստանի մասնակցության հնարավորությանը
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ TRIPP-ի վերաբերյալ ստորագրված ՀՀ-ԱՄՆ հայտարարության մասին Վաշինգտոնում տեղի ունեցած ասուլիսում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է TRIPP նախագծում Ռուսաստանի մասնակցության հնարավորությանը և հայտնել, որ նման հարց չի քննարկվել՝ նշելով, որ TRIPP-ի շրջանակները մեծ հաշվով արդեն բավական պարզ են։
«Մենք նպատակ չունենք որևէ կերպ դուրս թողնել ՌԴ-ին։ Հայաստանի տարածքում ՌԴ-ն տարբեր ենթակառուցվածքներում ներկայություն ունի, այդ թվում՝ երկաթուղիներում։ TRIPP-ում՝ ոչ, բայց TRIPP- ին առնչվող այլ գործունեություն, կապ, համագործակցություն կարող է նաև ստեղծվել ՌԴ-ի համար», – ասել է ԱԳ նախարարը։
Միրզոյանի խոսքով՝ մեծ ապաշրջափակումը շահավետ է լինելու նաև անմիջական կամ մի փոքր հեռու գտնվող հարևանների համար։
Նշենք, որ Հայաստանն ու ԱՄՆ-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի` հունվարի 13-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքներով հրապարակել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրականացման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն։
Նշենք նաև, որ հունվարի 13-14-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով ԱՄՆ-ում է։
TRIPP նախագծի մասին
«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարօրության» (TRIPP) նախագծի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի միջև և ամրագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրով։
Դեկտեմբերի 10-ին Փաշինյանը հայտարարել է, որ անհրաժեշտ ենթակառուցվածքների՝ երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, նավթամուղների ու գազամուղների, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների զարգացման իրավունքը կստանա հայ-ամերիկյան «TRIPP Company» համատեղ ձեռնարկությունը, որը կգրանցվի Հայաստանում։ Իրականացման և շինարարության փուլը նախատեսվում է սկսել 2026 թվականին։