Շատ շահեկան մի փաստաթուղթ է. Միրզոյանը՝ ԹՐԻՓՓ փաստաթղթի մասին

«Սա վերջնական փաստաթուղթը չի լինելու։ Սա նշանակալի ձեռքբերում եմ համարում, Հայաստանի, բոլոր գործընկերների՝ ԱՄՆ, մեր հարևանների համար  շատ շահեկան մի փաստաթուղթ է, որը մեծ հաշվով ընկած է օգոստոսի 8-ի հռչակագրի ու վերջնական պայմանագրերի, ընկերության հիմնադրման, կանոնադարության և այլ իրավական փաստաթղթերի  միջև»,- Վաշինգտոնից ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ԱԳ նախարար Միրզոյանը՝ խոսելով ԹՐԻՓՓ փաստաթղթի վերաբերյալ։ 

Նախարարը վստահեցրել է՝  այն, ինչ բոլորիս  քաղաքական, հանրային հնչեղության առումով հետաքրքիր է, հենց այս փաստաթուղթն է։ Չափազանց կարևոր փաստաթուղթ է, շոշափում է, վերաբերում է  հայ հասարակության համար բազմաթիվ զգայուն հարցեր։

Նա ընդգծեց, որ  համաձայնեցված է այն, ինչ հանձնված է թղթին.

«Ավելին՝ համաձայնեցված չէ, չկա որևէ պայման, որը բարձրացվել է, բանակցվել է,  ունի համաձայնեցում, բայց չենք հրապարակել ինչ-ինչ նկատառումներից ելնելով։ Որևէ նման դրույթ չկա, կա այն, ինչ կա այս փաստաթղթում և հրապարակված է։

Տեքստը հանրամատչելի ձևակերպումներով է, համապարփակ անդրադառնում է բոլոր հարցերին»։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախօրեին հանդիպել են Վաշինգտոնում, որից հետո Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների կողմից տարածվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ 

Leave a Comment