Միրզոյան․ Փաստաթղթում չկա դրույթ, որը համաձայնեցվել է, բայց հրապարակված չէ

Միրզոյան․ Փաստաթղթում չկա դրույթ, որը համաձայնեցվել է, բայց հրապարակված չէ

14 հունվարի 2026 – 12:09 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ ՀՀ և ԱՄՆ-ի միջև ստորագրված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախաձեռնության իրականացման շրջանակը ներկայացնող փաստաթղթում չկա դրույթ, որը համաձայնեցվել է, բայց հրապարակված չէ:

«Համաձայնեցված է այն, ինչը հանձնված է թղթին և հրապարակվել է, ավելին համաձայնեցված չէ, չկա որևէ պայման, որը բարձրացվել է, ունի համաձայնեցում, բայց չենք հրապարակել»,- ասել է Միրզոյանը, հայտնում է Արմենպրեսը:

Նախարարը շեշտել է, որ հրապարակված փաստաթուղթը կարևոր ձեռքբերում է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի պետությունների և ԱՄՆ-ի համար, սակայն վերջնական փաստաթուղթ չէ, այն ընկած է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հրապարակված հռչակագրի և նախագծի իրականացման վերջնական իրավական փաստաթղթի միջև:

Միրզոյանն ընդգծել է, որ փաստաթուղթը, որի վերաբերյալ համատեղ հայտարարություն են տարածել Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունները, շահեկան և նշանակալի համաձայնություն է ոչ միայն Հայաստանի, այլև ԱՄՆ-ի ու հարևան երկրների համար։

«Չափազանց կարևոր փաստաթուղթ է, շոշափում է, վերաբերում է հայ հասարակության համար բազմաթիվ զգայուն հարցեր: Սա նշանակալի ձեռքբերում եմ համարում, Հայաստանի, բոլոր գործընկերների՝ ԱՄՆ, մեր հարևանների համար շատ շահեկան մի փաստաթուղթ է»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։

TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։

Leave a Comment