Հիմա մեր տարածաշրջան ներհոսելու են մեծ ներդրումներ, դա շատ լավ նորություն է. վարչապետ


Մենք հասկացանք, որ հնարավոր չէ էս թնջուկից դուրս գալ՝ առանց միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը, ինքնիշխանությունը ճանաչելու: Այս մասին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի կազմակերպած անվտանգային ֆորումի շրջանակում «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Եթե այդ որոշումները չկայացնեինք, չեմ փորձի նկարագրել, թե հունվարի 14-ի դրությամբ ինչ կլիներ մեր տարածաշրջանում:


Եկեք մի շատ կարևոր իրավիճակ գնահատենք. ըստ էության՝ աշխարհը փոթորկվում է, իսկ ՀՀ-ն և մեր տարածաշրջանն այսօր քայլ-քայլ, առնվազն ՀՀ-Ադրբեջան հարթությունում, վերածվում են կայունության, անվտանգության մի միջավայրի, որը չափազանց կարևոր է, սա շատ մեծ ձեռքբերում է»,- ասաց Փաշինյանը:


Վարչապետն անդրադարձավ նաև TRIPP նախագծին՝ նշելով.


«Հիմա արդեն ակնհայտ է, որ նաև TRIPP նախագծի հետ կապված այն բաց հարցերը, որոնք կային հռչակագրի ընդունումից հետո, ստացել են պատասխաններ: Շատ կարևոր է, որ մենք ունենք բանաձև, որը լիարժեք բավարարում է և պիտի բավարարի ՀՀ-ին, ԱՄՆ-ին, լիարժեք բավարարում է, իմ կարծիքով [իհարկե, նրանք  կարձագանքեն, կտեսնենք] Ադրբեջանին:


Ըստ վարչապետի՝ սրանով կանաչ լույս է վառվում տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղություն հաստատելու գործին:


Նիկոլ Փաշինյանն ընդգծեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը:


«Ակնհայտ է, որ հիմա մեր տարածաշրջան ներհոսելու են մեծ ներդրումներ և մեծ փողեր, և դա շատ լավ նորություն է»,- ասաց վարչապետը:


Հիշեցնենք՝ հունվարի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը  հանդիպում էր ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի  հետ։

Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը, որի տեքստը տարածվել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների կողմից։

Դիտումների քանակ22

Leave a Comment