14 հունվարի 2026 – 11:04 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Վաշինգտոնում կայացած Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպմանը և ընդունված փաստաթղթին, ընդգծել է դրա կարևորությունը խաղաղության ինստիտուցիոնալացման և TRIPP ծրագրի իրականացման համար:
«Երեկ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ևս մեկ կարևոր քայլ արվեց Խաղաղության ինստիտուցիոնալացման և TRIPP նախագծի գործնական իրագործման ուղղությամբ, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիս։
Ժամը 10-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես կգա մեկնաբանություններով, ես և մեր մյուս գործընկերները ևս առիթներ կունենանք»,- գրել է Փաշինյանը։
Հունվարի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է անցկացրել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ: Հանդիպումից հետո ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը հրապարակել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախաձեռնության շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ գործունեության հաստատման վերաբերյալ հայտարարությունը։
Փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։