Արցախցիներն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին 1 ամիս առաջ ուղղված նամակի արձագանքը չեն ստացել, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ավելի քան երկու տասնյակ հասարակական կազմակերպություն դեկտեմբերի 15-ին նամակ էին ուղարկել Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին փոխարինելու հարցով։
Ըստ թերթի՝ արցախցիները գիտակցելով, որ իրենց թեմում եպիսկոպոսի կոչումով այլ հոգևորական չկա, առաջարկել են տեղապահ նշանակել ծնունդով ոչ արցախցու։ Նրանք նշել են, որ արցախյան քաղաքական-հասարակական շրջանակներում կողմ են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի թեկնածությանը, պարզաբանել է լրատվականը։
Թերթի տեղեկությամբ՝ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը հանդիպում խնդրել Գարեգին Բ-ի հետ։
Արցախի պահպանության կոմիտեն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ից պահանջել էր անհապաղ փոխել Արցախի թեմի առաջնորդին՝ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին, տեղեկանում ենք կոմիտեի հայտարարությունից։
Վրթանես եպիսկոպոսն այն հոգևորականների թվում էր, որոնք նոյեմբերի 28-ին կառավարությունում հանդիպել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումից հետո 10 հոգևորական կոչ էր արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։ Արցախցիները քննադատել էին թեմի առաջնորդի քայլերը։
Կարդացեք նաև՝
Դատապարտում ենք այդ մոտեցումները․ Արցախի թեմական խորհուրդը՝ թեմակալ առաջնորդի քայլերի մասին
ՀԱԵ Արցախի թեմն արձագանքել է Արցախի թեմական խորհրդի տարածած հայտարարությանը
