Ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանի «Մեղավորներ» ֆիլմը «Ոսկե գլոբուս» մրցանակի է արժանացել

Ամերիկացի պրոդյուսեր և սցենարիստ, հայկական ծագում ունեցող ամերիկահայ Սև Օհանյանը դարձել է «Ոսկե գլոբուս» 83-րդ մրցանակաբաշխության դափնեկիր՝ «Մեղավորներ» (Sinners) ֆիլմի համար, հայտնում է Hollywoodreporterindia-ն։

Լոս Անջելեսում կայացած մրցանակաբաշխության Օհանյանի մասնակցությամբ ստեղծված ֆիլմն արժանացել է երկու «Ոսկե գլոբուս» մրցանակի։

«Մեղավորներ» դրաման, որի վրա Օհանյանն աշխատել է Ռայան և Զինզի Քուգլերների հետ համատեղ, հաղթել է «Կինեմատոգրաֆիական և դրամարկղային ձեռքբերումների համար» անվանակարգում (Cinematic and Box Office Achievement)։ Այս անվանակարգը գնահատում է այն նախագծերը, որոնք զգալի հաջողություն են գրանցել համաշխարհային վարձույթում․ ֆիլմի եկամուտներն արդեն գերազանցել են 368 մլն դոլարը։

«Ոսկե գլոբուսի» երկրորդ արձանիկը ֆիլմը ստացել է «Լավագույն օրիգինալ երաժշտություն» անվանակարգում՝ կոմպոզիտոր Լյուդվիգ Յորանսոնի աշխատանքի համար։

Ֆիլմի գործողությունները ծավալվում են 1930-ականներին՝ Միսիսիպիի դելտայում։ Սյուժեն պատմում է երկվորյակ եղբայրների մասին, որոնք բախվում են միստիկ ուժերի կողմից ներկայացվող սպառնալիքներին։

Օհանյանը նաև առաջադրվել է Ամերիկայի պրոդյուսերների գիլդիայի հեղինակավոր մրցանակին (PGA Awards)՝ «Մեղավորներ» ֆիլմի համար։

Leave a Comment