Քաղաքական որոշակի շրջանակներ, նրանց հետ աֆիլացված լրատվամիջոցները և սոցիական հարթակների օգտատերերը հետևողականորեն ներշնչում են, որ կրեմլյան քարոզիչ Սոլովյովի խոսույթն «այնքան կարևորություն չունի, որքան ներկայացնում են իշխանությունները»:
Ավելի արմատականները կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն «առիթն օգտագործում են ռուսաֆոբիա գեներացնելու նպատակով»:
Քաղաքական տեքստում, – իսկ նախկին իշխող կուսակցության փոխնախագահի նույնիսկ ֆեյսբուքյան գրառումը որպես այդպիսին է ընկալվում,- յուրաքանչյուր բառ, բնորոշում, բնութագրում նպատակային է:
Ինչո՞ւ չի օգտագործվել, ասենք, «հակապուտինականություն» եզրույթը: Չէ՞ որ դա ավելի հասցեական և, ինչպես ռուսներն են ասում, «հյութեղ» կլիներ: Մանավանդ որ Վլադիմիր Սոլովյովը Հայաստանում «հատուկ ռազմական գործողության անհրաժեշտությունը» սեփական երեւակայությունից չի մակաբերել, հիմնավորել է Ռուսաստանի ազգային-պետական շահերի այն ընկալմամբ, որի հեղինակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է:
«Ռուսաֆոբիա» հասկացությունը նշանակում է «ատելություն ամենայն ռուսականի նկատմամբ» և ունի ոչ այնքան քաղաքական, որքան՝ քաղաքակրթական իմաստ: Ըստ այդմ, Երևանից Մոսկվային ազդակ է հղվում, որ Հայաստանի գործող իշխանությունը «վերընտրվելու մի քարոզչություն ունի՝ հակառուսականությունը»:
Այսինքն, Ռուսաստանում «չպետք է հուսան, որ Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իշխանության հետ հնարավոր է հասնել հարաբերությունների բարենորոգման»:
Ավելի վաղ նույն շրջանակներից Փաշինյանին քննադատել են ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովին, Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստին մասնակցության համար այն իմաստով, որ եթե Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը եվրոպական է, ապա ի՞նչ է նա «կորցրել Պուտինի մոտ»:
Սոլովյովի հայտարարության կապակցությամբ հնչեցված տեսակետը նույն նարատիվի ավելի բաց ձևակերպումն է. «Հայաստանում ազդեցությունը վերահաստատելու համար Ռուսաստանը պետք է Նիկոլ Փաշինյանին հեռացնի»:
Ակնհայտ իրողություն է, որ Ռուսաստանը կարող է կամ «տիրել» ամբողջ Հարավային Կովկասին, կամ երեք երկրների հետ հաստատել համարժեք, նույնիսկ՝ փոխլրացնող և փոխշահավետ հարաբերություններ: Այս առումով Հայաստանի դեմ «պատերազմի կոչել» Ռուսաստանին, նշանակում է ուրվագծել աշխարհաքաղաքական սցենար, ինչը խորքային իմաստով այլ բան չէ, քան Հայաստանը տարածաշրջանի բոլոր երկրներին հակադրելու չափազանց վտանգավոր հեռանկար:
Կրեմլին և նրա քարոզիչ Սոլովյովին Հայաստանի ապագան կարող է և չհուզել, միայն թե «ռուս զինվորը սապոգները լվանա Արաքսի ջրերով», բայց հայ քաղաքական գործչի պարտքն է իշխանության և ազգային ինքնիշխանության ու քաղաքակրթական ինքնության միջև արմատական տարբերություն տեսնել:
Մանավանդ որ Պուտինի իշխանությունը հավերժական չէ, և մենք չենք կարող կանխատեսել, թե վաղվա Ռուսաստանն աշխարհաքաղաքական ի՞նչ առաջնահերթություն է որդեգրելու: Իսկ եթե Ռուսաստանը «տիրի» Հայաստանին և մի քանի տարի կամ տասնամյակ հետո որոշի «այլ դերակատարի հանձնե՞լ»: